Վահրամ Պահլավունի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահրամ Պահլավունի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՎահրամ Պահլավունի
Ստեղծվեց1990
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԼ. Մաթևոսյան

«Վահրամ Պահլավունի» կամավորական ջոկատ։ Կոչվել է Հայոց իշխանաց իշխան Վահրամ Պահլավունու (980-1020-ական թթ.) անունով։ Կազմավորվել է 1990 թվականին Դիլիջան քաղաքում՝ Երևանի «Հատուկ նշանակության խումբ» (ՀՆԽ) ջոկատի հրամանատար Վ. Վարդանովի նախաձեռնությամբ։ Ունեցել է ռազմական խորհուրդ, շտաբ, զինանշան (ընդօրինակված Պահլավունիների զինանշանից), օրհներգ (հեղինակ՝ Արզաս Ոսկանյան)։ 1993 թվականին ջոկատի հիմքի վրա ստեղծվել է մոտոհրաձգային գումարտակ։ 1990-1994 թվականներին ջոկատը, նրա խմբերն առանձին կամ գումարտակի կազմում մասնակցել են ՀՀ Նոյեմբերյանի (Ոսկեպար), Իջևանի (Կիրանց, Բերքաբեր), Ճամբարակի (Վահան, Արծվաշեն, Ջիլ, Արտանիշ և «Քիշաթաղ», «Ալագերալ» բարձունքներ), Տավուշի (Չինարի) շրջանների ինքնապաշտպանական մարտերին։ Գործել է նաև որպես ճակատային գծի անցում ապահովող ստորաբաժանում՝ «ՀՆԽ» հետախուզական խմբերի համար։ Հրամանատարն է եղել Լ. Մաթևոսյանը։ Ջոկատից Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով պարգևատրվել է 7 (3-ը՝ հետմահու), Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով՝ 2, Արցախի Հանրապետության «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 3։ Ջոկատից զոհվել է 3 ազատամարտիկ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։