Վալդհորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
French horn front.png
Frenchhorn2.jpg

Վալդհորն (գերմ.՝ waldhorn — բառացի՝ «անտառային եղջերափող»), փողային մունդշտուկավոր երաժշտական գործիք։ Ծագել է որսորդական եղջերափողից։ Երկար, նեղ, օղակաձև կորացված փողը ավարտվում է կոնաձև փողալայնուկով։ Մունդշտուկը խորն է և նեղ, ձագարաձև։

Հնագույն վալդհորնները մեխանիզմ չունեին և հնարավորություն էին տալիս արտաբերելու միայն բնական հնչյունաշարի տոները, յուրաքանչյուր տոնայնությամբ նվագելիս կիրառում էին առանձին գործիք։ XIX դ. 2-րդ քառորդից տարածում են գտել քրոմատիկ վալդհորնները, որոնցում գործիքի փողը երկարացվում է կափույրիկների միջոցով միացվող փողիկներով։

Ժամանակակից վալդհորնները պատրաստվում են ֆա լարվածքի, հազվադեպ՝ սի բեմոլ։ Ֆա լարվածքի վալդհորնի նվագամասը գրի է առնվում ջութակի բանալիում՝ ռեալ հնչողությունից կվինտա բարձր, հնչունածավալն է՝ կոնտրօկտավի սի-ից մինչև երկրորդ օկտավի ֆա-ն։

Վալդհորնի տեմբրը բնութագրվում է որպես առնական է և «բանաստեղծական»։ Վալդհորնը մտնում է սիմֆոնիկ նվագախմբի կազմի մեջ (4-ից մինչև 6—8 և ավելի գործիք), ինչպես և կամերային անսամբլներում։ Կիրառվում է նաև որպես մենակատարող գործիք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png