Սպասուհին՝ տիրուհի (օպերա)
Սպասուհին՝ տիրուհի (իտալերեն` La Serva-Padrona) — Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի մեկ գործողությամբ օպերա։ Առաջնախաղը կայացել է 1733-ի օգոստոսի 28-ին Նեապոլում։ Լիբրետոն` Ջ. Ֆեդերիկոյի, ըստ Յա. Նելլիի կատակերգության։
[խմբագրել] Գործող անձինք
- Դոկտոր Ուբերտո` ամուրի տղամարդ (բաս)
- Սերպինա` իրեն տիրուհի զգացող սպասուհի (սոպրանո)
- Վեսպոնե` Ուբերտոյի սպասավորը (համր դեր)
[խմբագրել] Սյուժե
Օպերայի դեպքերը տեղի են ունենում Իտալիայում, մոտավորապես 1733 թվին։ Ամուրի Ուբերտոյին վիճակվել է ծառայության մեջ պահելու Սերպինա քմահաճ սպասուհուն։ Այդ օրը տերը, ինչպես միշտ, ստիպված է երկար սպասելու` մինչև Սերպինան բարեհաճի մատուցել առավոտյան նախաճաշն ու տաք շոկոլադը։ Վերջապես հայտնվում է սպասուհին ու անվրդով հայտարարում, որ նախաճաշի ժամը վաղուց անցել է, ուստիև տերը պետք է համբերությամբ զինվի ու մինչև ճաշի ժամը դիմանա։ Ուբերտոյի համբերությունը հատնում է, և նա, սպասուհու վրա զայրացած, դուրս է գալիս տանից` հայտարարելով, որ այդպես ապրելն արդեն անհնար է. իրեն տանտիկին է պետք։
Իսկ Սերպինան հենց դրան էր սպասում, քանի որ տան տիկնոջ դերն արդեն վաղուց նախատեսել էր հատկապես իր համար։ Երբ Ուբերտոն տուն է վերադառնում, Սերպինան նրան տեղեկացնում է, որ ինքն էլ է վճռել ամուսնանալ, և ավելացնում, որ հանդիպել է օտարերկրացի մի սպայի, որը և իրեն պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել։
Ուբերտոյի սրտում արթնանում է խանդը, և նա խնդրում է Սերպինային` իրեն ծանոթացնել նորահայտ փեսացուի հետ։ Ճարպիկ Սերպինան, սակայն, նախատեսել էր ամեն ինչ։ Նա տիրոջն է ներկայացնում Վեսպոնեին` Ուբերտոյի համր ծառային, որին նախապես զենք ու զրահ էր հագցրել-կապել, որ տերը չճանաչի։
Միամիտ Ուբերտոն, իհարկե, իր ծառային չի ճանաչում և, շտապելով առաջ ընկնել իր «ախոյանից», Սերպինայի ձեռք է խնդրում։ Պարզվում է, որ Ուբերտոն վաղուց արդեն սիրում էր իր սպասուհուն, բայց մինչ այդ չէր համարձակվում նրան իր սերը խոստովանել։
Այսպես հնարամիտ Սերպինան կարողացավ օգնել և՛ Ուբերտոյին, և՛ ինքնիրեն։[1]
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ Ռ. Եսայան, Ն. Ավետիսյան (2003). Երաժշտության աշխարհում. Օպերա. Երևան: «Արևիկ», էջ 11.