Սոնատային ձև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոնատային ձև, գործիքային երաժշտության ամենազարգացած ոչ ցիկլային ձևը։ Նրա երկարատև պատմական զարգացումը 18-րդ դարի վերջին հանգեցրեց վիեննական դասականների՝ Ցո․ Հայդնի, Վ․ Ա․ Մոցարտի և Լ․ Բեթհովենի ստեղծագործության մեջ կոմպոզիցիոն խիստ չափանիշների բյուրեղացմանը։ Դրանց համաձայն, Սոնատային ձևը կազմավորվում է 3 խոշոր բաժիններից՝ էքսպոզիցիա, մշակում և ռեպրիզ։ Էքսպոզիցիան բաղկացած է 4 պարտիայից՝ գլխավոր, կապող, օժանդակ և եզրափակիչ։ Գլխավորի մեջ շարադրվում է առաջին թեման՝ հիմնական տոնայնությամբ։ Կապողը նախապատրաստում է երկրորդ՝ օժանդակ պարտիայի թեման, որը հնչում է դոմինանտային կամ զուգահեռ տոնայնությամբ։ Եզրափակիչ պարտիան եզրափակող բնույթի նոր թեմա է կամ մոտիվների և ֆրազների շարք։ Սոնատային ձևի երկրորդ՝ մշակման բաժնում զարգանում և մշակվում է Էքսպոզիցիայի թեմատիկ նյութը, միմյանց հաջորդում են մի շարք տոնայնություններ։ Երրորդ բաժնում՝ ռեպրիզում, կրկին անցնում է Էքսպոզիցիայի նյութը, սակայն գլխավոր և օժանդակ պարտիաները շարադրվում են միևնույն (հիմնական) տոնայնությամբ։ Սոնատային ձևում հաճախ հանդիպում են նաե ոչ պարտադիր բաժիններ՝ նախաբան և կոդա (ընդհանուր եզրափակում)։ Սոնատային ձևի այդ նորմատիվ պլանը պատմական զարգացման ընթացքում փոփոխվել Է, բայց նրա առանձին գծեր՝ երեք խոշոր բաժինների առկայությունը, երկու կամ ավելի թեմաների հակադրման սկզբունքը, մնում են որպես կարևորագույն հատկանիշներ։ Սոնատային ձևը կիրառվում է սոնատային-ցիկլային ստեղծագործությունների (սիմֆոնիա, սոնատ, տրիո, կվարտետ և այլն) առաջին մասերում, ինչպես նաև առանձին, ինքնուրույն երկերում՝ նախերգանք, պոեմ և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 508