Սոմա (պոեմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոմա
ՏեսակՊոեմ
ԺանրՊոեմ
ՁևՉափածո
Բնագիր լեզուՀայերեն
Գրվել է1918
Առաջին ներկայացում1918
Առաջին
ներկայացման վայր
Կարմիր բանակ
ՎիքիդարանՍոմա

Սոմա, հայ գրող Եղիշե Չարենցի հայտնի պոեմներից, գրված 1918 թվականի հունիս-հուլիս ամիսներին, Կարմիր բանակում։

Անվան բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոման հին հնդկական կրոնում ուրախության, առույգության ու քաջության աստվածն է։ Փոխաբերական գործածությամբ գեղարվեստական գրականության մեջ նշանակում է սիրո ու խնդության խորհրդանիշ։ Սոման առաջացել է sauma՝ «ճզմել» բայից, պարսիկների մոտ՝ խաօմա։ Հին Հնդկաստանում աստվածային խմիչք էր, որը քուրմերը հատուկ բույսի տերևներից ճզմում էին և օգտագործում կրոնական ծիսակատարություններին։ Այդպես էր նաև այդ խմիչքի աստծո անունը՝ Սոմա։ Սոմային նույնացնում էին նաև Լուսնի աստծո հետ, և սա պատճառ էր, որ լուսինն էլ կոչեին այդպես։ Հետո Սոմա սկսեցին անվանել նաև անձրևը։ Այսպիսով Սոմա նշանակում է բույս, անձրև, աստված։ Սոման Պարջապատի աստծո որդին է՝ ռազմիկների աստված Ինդրայի և կրակի աստված Ագնիի եղբայրը։ Ինդրան և Սոման հաճախ հիշատակվում են բազմաթիվ հիմներում։ Սոման միայն աստված չէր, այլ նաև արբեցնող խմիչք։ Այդ խմիչքն օգտագործում էին ոչ միայն քուրմերը, այլև՝ ռազմիկները պատերազմներից առաջ։ Թունդ խմիչքը նրանց ուժ և կորով էր տալիս։ Ըստ հնդիկների` սոմա են խմում ոչ միայն մարդիկ, այլև աստվածները։ Ալկոհոլային այս խմիչքն օգտագործում էին ծիսակատարություններին, որի ժամանակ էլ հայտնվում էր աստվածային Սոմա Պավամանը («Մաքրագործող»)։ Սոման ամբողջությամբ ալկոհոլ չէր, այն ավելի շատ թմրանյութ է, որն ունի հոլուցինագեն հատկություն։ Հավանաբար սոման սովորական բուսական հյութ չէ, այլ ավելի բարդ բաղադրատոմս ունի։ Սոման հաճախ հիշատակվում է Ագնի կրակի հետ․ քուրմերն այն պատրաստում էին կրակի մոտ տարբեր նյութերից, որոնց գաղտնիքը միայն իրենք գիտեն։ Սոման հիշատակվում է հնդկական Վեդաներում և ունի զանազան արժանիքներ։ Այն ունի նաև աշխարհի տիրակալ, աստվածների աստված, կենարար ուժի կրող, «ոգևորող», «ամենագետ», ինչպես նաև` «երկնային» անվանումները։ Աստվածային Սոման մեծ ազդցություն ունեցավ ողջ հնդկական քաղաքակրթության վրա[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոետը` իբրև Գանգեսի քուրմ, իր կյանքը տալիս է Սոմայի լույսին և երգում խելագար Սոմային որպես քրոջ։ Քաջ գիտակցելով, որ Սոմային սիրողը մեռնում է, նա, դարեր շարունակ կյանքը երգ շինած, փնտրել է նրան չար աշխարհում։ Պոետը մահն է տենչում և միայն վերջալույսին տեսնում է Սոմայի դեմքը, որպես զոհաբերում։ Նա գիտի, որ Սոման մի աղջիկ ու երկնային քույր է, որը սուրբ ծաղիկներին տալիս է թույն, թախիծ ու բույր։ Մարդիկ, այդ բույսերից պատրատելով գինի և հարբելով սրբազան խմիչքից, ցանկանում են Սոմային։ Գիշերվա մթում այդ գինին մարդկանց տվել է երկունք ու մահ, գերեզման, հող ու անհուն, որպեսզի մարդիկ խելագար պար բռնեն իր հրդեհում։ Կյանքը դառնում է կրակ։ Ամբոխները ծափ են զարկում և պարում` ջահ դառնալով կրակապատ աշխարհում։ Պոետը դիմում է հեռավոր ընկերներին ու եղբայրներին, որ գան ու մտնեն այդ շուրջպարի մեջ։ Նրանք գալիս և հրդեհում պար են բռնում։ Այդ կրակի մեջ մարդկանց արյունը դիտվում է որպես սրբազան զոհ, և պոետն ինքն էլ պատրաստ է վառվել։ Սոմայի սերը թույն է, բայց քաղցր է։ Պոետի կյանքը կմարի որպես հին, չնչին մի կայծ, բայց կվառվի բոլոր գալիք արշալույսներում[2]։

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիշե Չարենցի «Սոմա» և «Ամբոխները խելագարված» պոեմներում իր դրսևորումն է գտնում հեղափոխական ռոմանտիզմը, որը կարելի է նաև անվանել հերոսական ռոմանտիզմ։ Այս պոեմներով հեղինակը բերում է մի շարք նորություններ։ Առաջնային է հերոսի ընտրությունը։ Պոեմների գլխավոր հերոսը այժմ ոչ թե անհատն է կամ անհատների խումբը, այլ ժողովուրդը՝ որպես հավաքական ամբողջություն։ Ժողովրդի կերպարի ստեղծման ճանապարհին գրողը բացահայտեց նաև ազատության անհատնում գեղեցկությունը և հոգեկան յուրօրինակ վերելքը։ Եղիշե Չարենցի պոեմները արտաքուստ թեթև սյուժետային կառուցվածք ունեն, սակայն ամբողջությամբ ուժի, գեղեցիկի ընկալման, էմոցիաների լարվածության միջոցով ստեղծում են հերոսական մթնոլորտ։ Այս ամենն էլ էպիակական զորություն է հաղորդում ժողովրդին։ Դարի ու բանաստեղծի ներքին կապի մասին է հյուսված «Սոմա» պոեմը։ Այս քնարական պոեմում դեռևս տեսանելի է սիմվոլիստական պոեզիայից մնացած տարրեր, պատկերներն ունեն առասպելական թեթև հանդերձավորում, որոնք էլ նշմարում են ժամանակի շունչը։ Պոեմը հազարամյա մարդկության արյան շարժումն է, թարմացումը։ Երիտասարդ ոգու կրակը բոցավառվում է բանաստեղծության մեջ՝ բերելով ողջակիզվող ամբոխների ոգևորությունը, ազատության տենչը։ Մարդկության շուրջպարը տեղի ունեցած հրաշագործության վկայությունն է․ փոխվել է դարը, փոխվել են ժողովուրդները, փոխվել է մարդու տանջահար ոգին։ Չարենցը պատկերում է նորագույն մարդու հոգու վերածնունդը։ Մարդկային ոգին ստանում է իր լույսը, գեղեցկանում է ներաշխարհը, բացվում են անհատի հնարավորությունները և գեղեցկությունները՝ պայմանավորված ժողովրդական տարերքի հոգեկան, ֆիզիկական և սոցիալական վերելքի հետ[3]։

Հեղինակի ներկայությունը պոեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարենցը մշտապես ներկա և տեսանելի է իր կերտած աշխարհում։ Թեև հեղինակն իր հոգեկան հույզերն է արտահայտում, սակայն մի պահ այդ անհատականը դառնում է հավաքական, որն էլ քանդում է անջրպետը հանրության և հեղինակի միջև։ Այս ամենը ակնառու է Սոմա պոեմում, որի մուտքը հեղինակի հուզական խոստովանությունն է[4]

Որպես քուրմը Գանգեսի,

Կարոտակեզ, սիրակեզ

— Կյանքս տվե՜լ եմ լույսիդ

Եվ երգում եմ քեզ[2]։

Պոեմի շարունակական հատվածները վերածվում են Սոմային ուղղված ներբողի։ Հաջորդող հատվածներում հեղինակը իր անհատական ես֊ը խառնում է մենք֊ի հետ` դառնալով ընդհանուր տրամադրությունների երգիչ։ Իններորդ հատվածում հեղինակային ես֊ը դարձյալ առանձնանում է և Սոմա խորհրդանիշը դարձնում անհատական հուզապրում[4]

Կյանքս կմարի՝ հին, չնչին մի կայծ

Քո ոսկի հրում—

Բայց վառվի՛ պիտի սիրտս մոխրացած

Քո բոլո՛ր գալիք արշալույսներում.․.[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սոմա».
  2. 2,0 2,1 2,2 Եղիշե Չարենց (1984). Պոեմներ, բալլադներ. 1984: ԵՊՀ հրատարակչություն. էջեր 63–69. ISBN 006530. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)CS1 սպաս․ location (link)
  3. Հրանտ Թամրազյան (1987). Եղիշե Չարենց. Երևան: Արևիկ. էջեր 152–164.
  4. 4,0 4,1 Ժենյա Քալանթարյան, Եղիշե Չարենց (2012). Ուսումնասիրություններ. Երևան: ԵՊՀ Հրատարակչություն. էջեր 255-259։.
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սոմա (պոեմ)