Սլավիկ Սերոբի Աբրահամյան
Սլավիկ Սերոբի Աբրահամյան | |
---|---|
օգոստոսի 10, 1950 - օգոստոսի 13, 1992 (42 տարեկան) | |
Ծննդավայր | Մաղավուզ, Մարտակերտի շրջան |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Սլավիկ Աբրահամյան (10 օգոստոսի, 1950, Մաղավուզ, Մարտակերտի շրջան - 13 օգոստոսի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սլավիկ Աբրահամյանը ծնվել է 1950 թվականի օգոստոսի 10-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակի՝ ԳԴՀ-ում տեղակայված զորախմբում։ Զորացրվելուց հետո ավարտել է Ստեփանակերտի առևտրա-հաշվապահական դասընթացները։ 1971 թվականին աշխատանքի է անցել Արփա-Սևան շինտրեստի Արզնիի տեղամասում որպես հորատող-թունելագործ, այնուհետև նույն տրեստի Վարդենիկի տեղամասի թիվ 8 հորանում։ 1976 թվականին տեղափոխվել է հայրենի գյուղ և աշխատել որպես խանութի վարիչ։
Արցախյան շարժմանը մասնակցել է 1988 թվականից։ Մարտակերտի գումարտակի երրորդ վաշտի առաջին դասակի հրամանատարն էր։ Մասնակցել է Քաջավանի, Մարաղայի, Թալիշի, Շահումյանի շրջանի մի շարք գյուղերի, Մատաղիսի, Ղազանչիի, Չափարի, Մեծ-Շենի և այլ պաշտպանական ու ազատագրական մարտերի։ Քաջավանի պաշտպանության ժամանակ նռնականետով խփել է «Կոբրա» մակնիշի ռազմական ուղղաթիռը, որի հրթիռային կասետները իր սարքած ակումուլյատորային հարմարանքով օգտագործել է Շոթլանլուի և Միրբաշիրի դեմ։ Մարտերում և ռազմական առաջադրանք կատարելիս, ընդհանուր առմամբ, ոչնչացրել է մեկ ռազմական ուղղաթիռ, երկու Տ-72 տանկ, մեկ ՀՄՄ, ոչնչացրել է 143 ադրբեջանցի օմոնականների, գերեվարել է 6 հոգու, 14 հատ տարբեր տեխնիկա, մեկ զենիթային կայանք, մեծ քանակությամբ զինամթերք ու հանդերձանք։ Նրա մասին գրվել է «Մռավի արծիվ»» երգը, որտեղ ամբողջությամբ ներկայացվում է նրա վեհանձն կերպարը։
Զոհվել է 1992 թ. օգոստոսի 13-ին Ստեփանակերտում ռմբակոծության հետևանքով։ Հետմահու պարգեւատրվել է ԼՂՀ «Արիության Համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Եռաբլուրի պանթեոնում` Մաղավուզի գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Սլավիկ Աբրահամյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)