Jump to content

Սապինդուս Դրումոնդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սապինդուս Դրումոնդի
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Օճառածաղկավորներ
Ընտանիք Օճառազգիներ
Ցեղ Սապինդուս
Տեսակ Սամինդուս Դրումոնդի
Լատիներեն անվանում
Sapindus drummondii
Hook. et Arn.

Սապինդուս Դրումոնդի (լատին․՝ Sapindus drummondii), Օճառազգիներ ընտանիքի, Սապինդուս ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափի ծառ է՝ մինչև 15 մ բարձրությամբ և 30 սմ բնի տրամագծով, կարմրագորշավուն, թեփուկավոր կեղևով։ Ճյուղերը մոխրագույն են, ծածկված ոսպնյակներով։ Ընձյուղները ծածկված են սպիտակավուն թավշանման մազմզուկներով, որոնք վաղ են թափվում։ Ծաղկակիր ընձյուղների վրա տերևների երկարությունը հասնում է 15֊20, վեգետատիվ ընձյուղների վրա մինչև 40 սմ-ի, կազմված 12֊18 (հազվադեպ՝ 8) տերևիկներից։ Տերևի առանցքը սկզբում աղվամազապատ է, ավելի ուշ՝ մերկ։ Տերևիկների դասավորությունը հերթադիր է կամ հակադիր, առանց կոթունի, միջին չափով 6 սմ երկարությամբ և 2,5 սմ լայնությամբ, երբեմն՝ գծանշտարաձև, 1֊1.5 սմ լայնությամբ, հոռաշիվերի վրա մինչև 14 սմ երկարությամբ և 4 սմ լայնությամբ, անհավասարակողմ, ձգված սրածայր, վերևի կողմից՝ մերկ, փայլուն, ներքևի կողմից՝ անփայլ, ծածկված սպիտակավուն մազմզուկներով։ Ծաղկաբույլերը նոսր են, ծայրային հուրաններ են, 15֊25 սմ երկարությամբ, մազմզուկապատ ճյուղիկներով։ Ծաղիկները դեղնասպիտակ են, բաժակաթերթիկները սրավուն են, թարթիչաեզր, պսակաթերթիկները հակառակ ձվաձև են, բաժակաթերթիկներից զգալի չափով երկար, ներսի կողմից՝ մազմզուկապատ։ Սկավառակը և վարսանդը մերկ են։ Սռնակը կարճ է։ Կորիզապտուղը համարյա գնդաձև է, 1.2 սմ տրամագծով, սկզբում դեղին, հասունանալիս' սև, կպչուն պտղամսով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ ==

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է ԱՄՆ-ում (Արկանզաս, Լուիզիանա, Տեխաս, Մխաուրի, Կանզաս, Նյու Մեքսիկո, Արիզոնա), Հյուսիսային Մեքսիկայում։

Մինչև 1970-ական թվականները մշակվել է Բագրատաշենում։ Ոչնչացել է անհայտ պատճառներով (հաջողությամբ է դիմացել 1963֊64 թվականների ցուրտ և երկարատև ձմռանը)։ Խորհուրդ է տրվում մշակել հանրապետության մերձարևադարձային շրջաններում, ծ. մ. մինչև 1 000 մ բարձրության վրա։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ I: Մշակության հավանական շրջանները՝ 9.32: [1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 137-138։