Պատկեր (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատկեր

«Պատկեր», կինոարվեստին նվիրված հայկական առաջին պարբերական, ապա՝ գրական, երգիծային, գեղարվեստական շաբաթաթերթ, վերջում՝ կիսամսյա հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1927 թվականին Կոստանդնուպոլսում։ Արտոնատեր՝ Երմոգ Գույումճյան, պատկերասրահի տնօրեն՝ Նուպար Խաչատուրյան։

9-րդ համարից միացել է «Անուշապուր» (Կոստանդնուպոլիս, 1926–1927 թվականներ) շաբաթաթերթին և, պահպանելով համարակալումը, տպագրվել «Անուշապուր-Պատկեր» անունով (1927–1928 թվականներ)։ Խմբագրապետ՝ Բագարատ Թևյան, արտոնատեր և պատկերասրահի տնօրեն՝ Երվանդ Պարոնյան։

1931–1945 թվականներին շարունակել է լույս տեսնել ընդհատումներով։ Խմբագիր՝ Ժիրայր Վարժապետյան, 1932 թվականից արտոնատեր՝ Երմոգ Գույումճյան, վարիչ-խմբագիր՝ Ավետիս Ալիքսանյան։

1944–1945 թվականներին հրատարակվել է որպես ստամբուլահայ նոր գրողների պարբերական։ Լուսաբանել է ստամբուլահայ համայնքի կյանքը, անդրադարձել համաշխարհային մշակույթին և գիտությանը, սոցիալ-հասարակական վերափոխումներին։

Առաջին տարիների նյութերը հիմնականում նվիրված են կինոյի նորություններին, ժամանակի նշանավոր դերասաններին։ Գրական բաժնում տեղ են գտել հայ գրողների և համաշխարհային դասականների (Օսկար Ուայլդ, Միխայիլ Լերմոնտով, Ստեֆան Ցվայգ) ստեղծագործություններ։

Ունեցել է նաև գիտության, երգիծանքի բաժիններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։