Ուոլթեր Քարաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուոլթեր Քարաբյան
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մարտի 14, 1938(1938-03-14) (86 տարեկան)
Ծննդավայր Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Ուոլթեր Քարաբյան (անգլ.՝ Walter J. Karabian, մարտի 14, 1938(1938-03-14), Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ և իրավաբան։ Կալիֆոռնիայի նահանգային ժողովում դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ (1967-1974)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում, հայկական ընտանիքում։ Ջոն Քարաբյանի և Զվարթ Շիշմանյանի ավագ որդին է։ Ուոլթերի հոր ընտանիքը 1896 թվականին Բիթլիսից տեղափոխվել է Կալիֆոռնիա, իսկ մոր ընտանիքը ստիպված է եղել փախչել Թուրքիայից 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ[1]։

Քարաբյանն ավարտել է Ֆրեզնոյի Ռուզվելտի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև ուսումը շարունակել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում, ստացել պատմության բակալավրի, պետական կառավարման մագիստրոսի և իրավաբանական դպրոցի դոկտորի աստիճան։ Ուսման ընթացքում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ուսանողական կազմակերպություններում[1]։

Կրթությունն ավարտելուց հետո Քարաբյանը երկու տարի աշխատել է որպես Լոս Անջելեսի օկրուգային դատախազի տեղակալ։ Այնուհետև դարձել է Դեմոկրատական կուսակցության ակտիվ քաղաքական գործիչ և անմիջապես անցել քաղաքականություն։ 1966 թվականին ընտրվել է Կալիֆոռնիայի նահանգային պետական ասամբլեայի անդամ։ Քարաբյանը երբևէ Ասամբլեայում ընտրված ամենաերիտասարդ մարդկանցից մեկն է եղել և երրորդ ամերիկահայը, ով ընտրվել է պետական պաշտոնում Միացյալ Նահանգների պատմության մեջ[1]։

Որպես օրենսդիր մարմնի անդամ՝ Քարաբյանը հրապարակել է տարբեր իրավաբանական հոդվածներ և ձեռք է բերել նշանակալի իրավաբանական հոդվածների հեղինակի, ինչպես նաև օրենսդիրի համբավ։ Նա էական ներդրում է ունեցել հանցավորության, բանտային բարեփոխումների, կրթության, քաղաքացիական իրավունքների, խոսքի ազատության և Կալիֆոռնիայի վտանգված կենդանական և բուսական աշխարհի պահպանման վերաբերյալ Կալիֆոռնիայի օրենքի մշակման գործում։ Հատկանշական է, որ նա օգտագործել է իր ազդեցությունը Կալիֆոռնիայում Հայոց ցեղասպանությանը ուշադրություն հրավիրելու համար։ 1967 թվականին, երբ մարդկանց մեծ մասը չգիտեր Ցեղասպանության մասին, Քարաբյանը Պետական ասամբլեայում հանդես է եկել Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջին բանաձևով[1]։

1972 թվականին Քարաբյանը վավերացման է ներկայացրել «Հավասար իրավունքների մասին» փոփոխությունների նախագիծը, որով նախատեսված էր հավասար իրավունքների ապահովում երկու սեռերի համար։ Քարաբյանը համարվում է նաև ազատության մասին առաջին օրենքի, որը պաշտպանում էր լրատվական աղբյուրները և «Վտանգված տեսակների մասին» օրենքի հեղինակ, որը նախորդել էր Ազգային օրենքին և այն օրենքին, որը պահանջում է երեխաների IQ թեստավորումը անցկացնել իրենց մայրենի լեզվով։ Նա ընտրվել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդ 33 տարեկանում և դարձել Կալիֆոռնիայի պատմության մեջ մեծամասնության ամենաերիտասարդ առաջնորդը։

1975 թվականին Կալիֆոռնիայի օրենսդիր մարմնից դուրս գալուց հետո հիմնել և ղեկավարել է իր իրավաբանական գրասենյակը Լոս Անջելեսում, որտեղ նա գործունեություն է իրականացնում ավելի քան քառասուն տարի։ Քարաբյանն ընտրվել է առևտրային պատվիրակության համանախագահ, այցելել է Կուբա Ջիմի Քարթերի նախագահության օրոք և 1979 թվականին եղել է Ֆիլիպիններում օրենսդիր պատվիրակության իրավախորհրդատու։ Քարաբյանն ընտրվել է մի շարք հայկական կազմակերպությունների անունից Լոս Անջելեսի խորհրդում Համաշխարհային հարցերով ելույթ ունենալու համար։ Որպես փաստաբան՝ Քարաբյանը եղել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի հիմնադիրներից մեկը, որն այսօր միջազգային կազմակերպություն է, որը բաղկացած է ազգությամբ հայ հարյուրավոր փաստաբաններից։

2015 թվականի հոկտեմբերին Քարաբյանի աշխատանքն արժանացել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մրցանակին[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անգամ ամուսնացած է եղել։ Ունի երեք երեխա[2]։

Ամուսանացած է եղել Քերոլ Ուելսի հետ։ Ունեն մեկ որդի և մեկ դուստր։ 1977 թվականին, երբ Քերոլ Ուելսը և Քարաբյանը մեղրամսի ժամանակ շուրջերկրյա ճամփորդության էին մեկնել[3], Ճապոնական ավիաուղիների ինքնաթիռը, որով նրանք ճամփորդում էին (Japan Airlines Flight 472), առևանգվել է ճապոնացի ահաբեկիչների կողմից, ովքեր պահանջել են 6 միլիոն դոլար փրկագին, ինչպես նաև բանտից ազատել ինը ահաբեկիչների։ Ազատ արձակվելուց հետո Ուելսը նկարագրել է առևանգումը որպես «սարսափելի փորձ»[4]։ Այդ ժամանակ նա հղի է եղել, իսկ ավելի ուշ վիժել է, որը ամուսինը վերագրել է ինքնաթիռի առևանգման դեպքին[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան
  • Թեկնածու (1972) - Ուոլթեր
Պրոդյուսեր
  • Գետը հոսում է կարմիր (2008)
  • Կազանովա՝ Մեծ քամելեոն (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Walter Karabian To Receive The ANCA-WR Legacy Award». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
  2. «Japan Agrees to Pay Hijackers Ransom». Idaho State Journal. Idaho, Pocatello. Associated Press. 1977 թ․ սեպտեմբերի 29. էջ 1. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  3. Lisanti, Tom (2003). Drive-in Dream Girls: A Galaxy of B-movie Starlets of the Sixties (անգլերեն). McFarland. էջեր 193–205. ISBN 9780786415755. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին.
  4. Mohiuddin, Alamgir (1977 թ․ սեպտեմբերի 29). «Japan agrees to terrorists' demand to free nine prisoners». The Herald. Indiana, Jasper. United Press International. էջ 3. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն
  5. «Hijacking Victim Lost Baby». The Times. California, San Mateo. Associated Press. 1977 թ․ հոկտեմբերի 13. էջ 7. Վերցված է 2016 թ․ մայիսի 27-ին – via Newspapers.com. հրապարակում բաց հնարավորություն