Ունիֆորմիտարիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ունիֆորմիտարիզմը (անգլերեն՝ uniformitarianism) երկրաբանության մեջ գիտա-փիլիսոփայական թեզիս է, ըստ որի անցյալում գործող բնական պրոցեսները նույն պրոցեսներն են, որոնց գործընթացքին կարելի է ականատես լինել ներկայումս։ Ունիֆորմիտարիզմի մեթոդաբանական նշանակությունը հաճախ ամփոփվում է հետևյալ դարձվածքով՝ «Ներկան անցյալի բանալին է»։

Երկրաբանական պրոցեսներում ունիֆորմիտարիզմի կոնցեպտը սկիզբ է առնում պարսիկ փիլիսոփա և գիտնական Աբու Ալի իբն-Սինայի «Գիրք ապաքինության» աշխատությունում (1027)։ Ունիֆորմիտարիզմի տեսությունն այնուհետև ձևակերպում է ստացել 18-րդ դարի շոտլանդացի նատուրալիստների կողմից, սկսած երկրաբան Ջեյմս Հաթթոնից։ Այդ փիլիսոփայությունը զարգացրել է Ջոն Փլեյֆերը, իսկ հետագայում այն մասնավորապես ժողովրդականացվել է Չառլզ Լայելի «Երկրաբանության սկզբունքները» գրքում (1830)։ «Uniformitarianism» տերմինի հեղինակն է Վիլյամ Ուիվելը, որը նաև ստեղծել է «կատաստրոֆիզմ» (catastrophism) տերմինը։ Կատաստրոֆիզմը ունիֆորմիտարիզմի փիլիսոփայական հականիշն է, որի համաձայն Երկիրն ստեղծվել է ինչ-որ գերբնական արարչության միջոցներով և ձևավորվել է աղետալի դեպքերիհետևանքով։