Նեոգաղութատիրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նեոգաղութատիրություն, զարգացող սուվերեն երկրներին իմպերիալիստական պետությունների կողմից պարտադրվող անհավասար տնտեսական և քաղաքական հարաբերությունների համակարգ, որի նպատակն է պահպանել այդ երկրների ժողովուրդների իմպերիալիստական շահագործումն ու կախյալ վիճակը։ Զարգացող երկրներում նեոգաղութատիրության նյութական հիմքը՝ օտարերկրյա ընկերությունների (կամ դրանց մասնաճյուղերի), բանկերի մոնոպոլիստական կապիտալն է։ Իմպերիալիստական երկրները նեոգաղութատիրական նպատակներով օգտագործում են նախկին գաղութների և կիսագաղութների տնտեսական և գիտատեխնիկական հետամնացությունը։ Նեոգաղութատիրության գաղափարական հիմքը՝ նեոգաղութատիրական տարբեր տեսություններն են («կապիտալիզմի տրանսֆորմացիայի», «շահերի ներդաշնակության», «խառը էկոնոմիկայի», «փոխադարձ կախման» և այլն)։ Նեոգաղութատիրությունը առաջացել է իմպերիալիզմի գաղութային սիստեմի քայքայման, սոցիալիզմի համաշխարհային սիստեմի ստեղծման և զարգացման հետևանքով՝ ուղղակի գաղութային կախման լիակատար վերացման պայմաններում։ Ժամանակակից կապիտալիզմը, հարմարվելով աշխարհում ստեղծված նոր իրավիճակին, դիմում է ազատագրված երկրների ստրկացման նոր եղանակների։ Նեոգաղութատիրությունը դրսևորվում է տարբեր կերպ, օտարերկրյա մոնոպոլիստական կապիտալի ներթափանցումը երիտասարդ սուվերեն պետություններ, «օգնություն» վարկերի և դրամական հատկացումների ձևով (որով նրանք փաստորեն վերահսկողություն են հաստատում այդ երկրների տնտեսական զարգացման վրա), նրանց ընդգրկումը իրենց ենթակա տնտեսական, քաղաքական և ռազմական խմբավորումների մեջ, անհավասար պայմանագրերի պարտադրում, միջամտություն ներքին գործերին, հետադիմական հեղաշրջումներ ու խամաճիկ վարչակարգերի հաստատում, ազգամիջյան ու ցեղամիջյան բախումների հրահրում և այլն։ Նեոգաղութատիրությունը օգտագործում է նաև գաղութատիրության «ավանդական» եղանակները՝ ռազմական ճնշում, բացահայտ ռազմական միջամտություն և այլն։ Երբեմնի գաղութներն ու կիսագաղութները որպես զարգացած կապիտալիստական երկրների էկոնոմիկայի գյուղատնտեսական-հումքային կցորդ պահելու նախկին ձգտմանը զուգընթաց, ուժեղանում է զարգացող երկրները համաշխարհային կապիտալիստական տնտեսության «արտադրական կցորդը» դարձնելու նոր միտումը։ Իմպերիալիստական մոնոպոլիաները աշխատում են իրենց մոտ նվազ շահութաբեր, շրջակա միջավայրը աղտոտող արտադրությունները փոխադրել Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներ։ Օգտագործելով զարգացող երկրների էժան բանվորական ուժը՝ մոնոպոլիստական կապիտալը փորձում է այդ երկրներում ստեղծել արտադրության ամբողջ ցիկլեր, որոնք առավել բարձր շահույթներ են ապահովում, քան զարգացած կապիտալիստական երկրներում։ Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների առաջադեմ ուժերը պայքարում են նեոգաղութատիրության բոլոր դրսևորումների, նախ և առաջ, մոնոպոլիստական կապիտալի ներթափանցման ու ճնշման դեմ։ Սոցիալիստական երկրները, ամբողջ աշխարհի կոմունիստական ու բանվորական կուսակցությունները հետևողական պայքար են մղում գաղութատիրության բոլոր մնացուկների վերացման համար, նեոգաղութատիրության դեմ։

Տես նաև[խմբագրել]

Գաղութատիրություն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png