Մոնտե-Կառլո օպերային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնտե-Կառլո օպերային թատրոն
Opéra de Monte-Carlo
Տեսակբազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր և օպերային թատրոն
Երկիր Մոնակո
Գտնվելու վայրըՄոնտե Կառլո
ՃարտարապետՇարլ Գարնյե
Կայքopera.mc
 Opéra de Monte-Carlo Վիքիպահեստում

Մոնտե-Կառլո օպերային թատրոն (ֆր.՝ Opéra de Monte-Carlo), օպերային թատրոն Մոնակոյում, կառուցվել է 1870-ական թվականներին Կառլոս III արքայազնի օրոք, ճարտարապետական նախագծի հեղինակն է Շառլ Գարնյեն, որն այս օպերայի կառուցումից քիչ ժամանակ առաջ ավարտել էր Փարիզի լեգենդար Գրանդ օպերայի կառուցումը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի վերջին Մոնակոն ղեկավարում էր Կառլոս III արքայազնը։ Հենց նա է որոշում կառուցել օպերային այս թատրոնը, որը պետք է գործեր որպես մասնավոր թատրոն և կոչված լիներ պահպանելու ֆրանսիական մշակույթը։ Կառլոս III արքայազնի հեռատեսության շնորհիվ 1850-ականներին Մոնակոն վերածվում է համաշխարհային հարստության ու շքեղության էպիկենտրոնի։ Դրան նպաստում էր դքսության աշխարհագրական դիրքը, նրա քաղաքական և ֆինանսական կարգավիճակը։ Արքայազն Կառլոսն օգտվում է այդ առավելություններից, որոնց շնորհիվ Մոնակոյում կառուցվում է երկաթուղի, ինչը բավականին հեշտացնում է Ֆրանսիայի ու Իտալիայի հետ կապը։ Մոնակոյի հիասքանչ կլիման գրավում էր Հյուսիսային Եվրոպայի բնակիչներին, իսկ Մոնտե-Կառլո օպերային թատրոնի կառուցումով նա ցանկանում էր քաղաքը դարձնել տուրիստական կենտրոն[2]։

Մոնտե-Կառլո օպերային թատրոնը գտնվում է Միջերկրական ծովի ափին։ Շինարարական աշխատանքները տևել են ընդամենը վեց ամիս, որի ընթացքում կառույցի վրա աշխատել են իտալացի չորս հարյուր վարպետ։ Արդյունքում ստացվել է Երկրորդ կայսրության ոճի կառույց՝ շքեղորեն զարդարված աշտարակներով ու քանդակներով, որոնց հեղինակներն են Գյուստավ Դորեն և Սառա Բերները։

Մոնտե-Կառլո օպերայի «Գարնյե սրահի» բացումը, որը կառուցվել էր Փարիզի Գրանդ օպերային թատրոնի «Գարնյե պալատի» ոճով, տեղի է ունենում 1879 թվականի հունվարին։ Բացմանը բեմադրվում է յուրօրինակ ներկայացում, որն ներառում էր բալետ, գործիքային երաժշտություն, օպերա և Սառա Բարների գեղարվեստական ասմունքը։ Այս ներկայացումն էլ հիմք է հանդիսանում, որպեսզի հետագայում օպերային այս թատրոնում բեմադրվեն զանազան ժանրեր ներառող ներկայացումներ։

Առաջին օպերան, որ բեմադրվել է այս թատրոնում, Ժան Պլանկետտայի «Շեվալյե Գաստոն» օպերան է։ 1880 –ականներին Մոնտե-Կառլո օպերան համաշխարհային հռչակ է ձեռք բերում ի շնորհիվ Ալբերտ I արքայազնի կնոջ՝ Ալիս Հեյնի և թատրոնի տնօրեն նշանակված Ռաուլ Գյունսբուրգի ջանքերրի միավորման։

Իր գոյության 120-ից ավելի տարիների ընթացքում այս թատրոնի բեմում տեղի են ունեցել համաշխարհային օպերայի ութսունից ավելի պրեմիերաներ, այդ թվում՝ Ջ. Պուչինիի «Ծիծեռնակ», Մ. Ռավելյայի «Մանուկը և կախարդանքը», Սեն-Սանսի «Դեյարինա» օպերաները և այլն։

Մոնտե-Կառլո օպերայում բալետի պատմությունը սկսվում է 1911 թվականից, երբ այստեղ սկսում են հանդես գալ Սերգեյ Դյագիլևի՝ մինչև այդ ռուսական բալետում հանդես եկող խումբը։

Խումբն իր գործունեությունը շարունակում է մինչև Դյագիլևի մահը՝ 1929 թվական։

Հետագայում, մասնավորապես՝ 1932 թվականին, կոմսությունում կազմավորվում է բալետային նոր խումբ, որը գործում է տարբեր անվանումներով և որն իր գործունեությունը ծավալում է մինչև 1963 թվականը։ Les Ballets de Monte-Carlo անվանումը կրող նոր խումբը պաշտոնապես ստեղծվում է 1985 թվականին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bonillo, Jean-Lucien, et al. (2004). Charles Garnier and Gustave Eiffel on the French and Italian Rivieras: The Dream of Reason (in English and French). Marseilles: Editions Imbernon. ISBN 9782951639614.
  • Bouvier, Béatrice (2004). "Inventaires" in Bonillo et al. pp. 186–205.
  • Folli, Andrea; Merello, Gisella (2004). "The Splendour of the Garnier Rooms at the Monte Carlo Casino" in Bonillo et al. 2004.
  • Zietz, Karyl Lynn (1991). Opera: The Guide to Western Europe's Great Houses. Santa Fe, New Mexico: John Muir Publications. ISBN 0-945465-81-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mead 1991, pp. 4–5; Sveiven, Megan. «AD Classics: Paris Opera / Charles Garnier». ArchDaily. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին..
  2. Folli & Merello, pp. 116, 118, 122, 136; Bouvier, p. 190.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտե-Կառլո օպերային թատրոն» հոդվածին։