Մկանաթուլություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մկանաթուլություն, միասթենիա, էրբ-Հոլդֆլամի հիվանդություն, քրոնիկական առաջադիմող հիվանդություն, բնորոշվում է միջաձիգ-զոլավոր մկանների թուլությամբ և ախտաբանական գերհոգնածությամբ, որոնք ի հայտ են գալիս սովորական ֆիզիկական աշխատանքից հետո։ Հիվանդության սկզբում առավել խոր ախտահարվում են գլխուղեղային՝ հատկապես կոճղեզային (բուլբար) նյարդերով նյարդավորվող մկանները, հետագայում նաև պարանոցի, իրանի և ծայրանդամների մկանները։ Պատճառներն են․ ուրցագեղձի ֆունկցիայի (հիպերտրոֆիա, ուռուցքներ), իմուն պրոցեսների, նյարդամկանային սինապսի շրջանում խոլինէսթերազի և ացետիլխոլինի փոխհարաբերության խանգարումները։ Հիվանդությունը զարգանում է 20-40 տարեկանում, հիմնականում կանանց մոտ։ Ախտանշաններն են․ վերին կոպերի իջեցումը (պտոզ) և աչքի մկանների թուլությունը, որի հետևանքով առաջանում են շլություն, երկտեսություն։ Դժվարանում է ծամելը, կլլումը, խոսելը, երբեմն խանգարվում է բնականոն շնչառությունը։ Շատ արագ առաջանում է ծայրանդամների հոգնածություն, շարժումների սահմանափակում։ Ծանր դեպքերում (կլլման խանգարման պատճառով) հիվանդները հյուծվում են։ Կարող է զարգանալ տարածված մկանաթուլություն, կոճղեզային լուծանք (բուլբար պարալիզ), շնչառության խանգարում և մահ։

Բուժում[խմբագրել]

Հակախոլինէսթերազային պատրաստուկներ (պրոգերին, օքսագիլ, մեստինոն)։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոհիշյալ պատրաստուկների մեծ դոզաների երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել կյանքին վտանգ սպառնացող միասթենիկ կրիզի։ Նման դեպքերում անհապաղ դադարեցվում է այդ պատրաստուկների ընդունումը և նշանակվում ատրոպին, ուրցագեղձի հեռացում կամ ռենտգենյան ճառագայթում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png