Միգամածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրիոն համաստեղությունում գտնվող «Մեծ միգամածությունը» (տեսանելի է նաև անզեն աչքով)

Միգամածություններ, տիեզերական գոյացություններ, լինում են գալակտիկական և արտագալակտիկական։ Գալակտիկական միգամածությունները միջաստղային գազի, փոշու և պլազմայի հսկայական կուտակումներ են՝ լուսավոր և մութ ամպեր։ Գալակտիկական միգամածությունների մի մասը թույլ լուսավորվում է հարևան աստղերի լույսով և տեսանելի է աստղադիտակներով։ Մյուսները մուգ թանաքաբծերի նման են և կլանում են իրենցից այն կողմ գտնվող աստղերից եկող լույսը։ Մեր Գալակտիկայում՝ Ծիր Կաթինում, այդպիսի ամենահայտնի միգամածություններից է Ածխի պարկը, որը գտնվում է Հարավային խաչ համաստեղությունում։ Ժամանակակից աստղագիտության տվյալներով` գալակտիկական միգամածությունները լինում են դիֆուզային, մոլորակաձև, գիսավորաձև, գերնոր աստղերի բռնկման մնացորդներից առաջացած և Վոլֆ-Ռայեի աստղերի շուրջը գոյացած։

1920-ական թվականներին ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլն ապացուցել է, որ արտագալակտիկական միգամածություններն աստղային համակարգեր են, այսինքն` գալակտիկաներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Դպրոցական մեծ հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png