Մետաքսյա գործվածքների արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաքսյա գործվածքների արդյունաբերություն, տեքստիլ արդյունաբերության ճյուղ, որը զուտ մետաքսյա, բնական ու սինթետիկ, ինչպես նաև խառը մանրաթելերից գործվածքներ է արտադրում։ Մետաքսագործության հայրենիքը համարվում է Չինաստանը։

Հայկական լեռնաշխարհում շերամապահությամբ և մետաքսագործությամբ զբաղվել են հեռավոր ժամանակներից։ Ավատատիրական կալվածքներում և հատուկ «գործատներում» պատրաստվում էին մետաքսաթել, գործվածքներ և «Մետաքսի ճանապարհով» արտահանվում հարևան ու հեռավոր երկրներ։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին անցնելուց հետո մուտք գործեց ռուսական մետաքսյա գործվածքը, որն աստիճանաբար դուրս մղեց տեղական տնայնագործական արտադրանքը։ Այնուամենայնիվ, բոժոժից մետաքսաթելերի ստացումն ու գործվածքների արտադրությունը պահպանվեց և 1860-ական թվականներին ստացավ մանուֆակտուրային բնույթ։ Դարավերջին Հայաստանում գործում էր տարեկան 350—400 փութ մետաքսաթել արտադրող 32, նաև տնայնագործական սեզոնային 7 արհեստանոց, որոնք հիմնականում կենտրոնացված էին Երևանի նահանգում ու Մեղրու շրջանում։ Ընդ որում, գործվածք թողարկելու համար մետաքսաթելի մոտ 70%-ը առաքվում էր Ռուսաստան։ 1921 թվականին մետաքսաթելի ու գործվածքների ձեռնարկություններն ազգայնացվեցին, այնուհետև վերացվեցին մետաքսաթելի մանր արհեստանոցները։ 1928 թվականին գործարկվեց Երևանի Մարտի 8-ի անվան մետաքսաթելի ֆաբրիկան, որին 1931 թվականին հանձնվեց Ղափանի մետաքսաթելի ֆաբրիկայի ամբողջ սարքավորումը։ 1940 թվականին արհեստագործական կոոպերացիայի Երևանի ու Շահումյանի մետաքսյա գործվածքների արտելները միավորվեցին և ընդգրկվեցին թեթև արդյունաբերության համակարգի մեջ։ 1953 թվականին դրանց բազայի վրա ստեղծվեց Երևանի մետաքսի կոմբինատը, որին միավորվեց նաև Մարտի 8-ի անվ․ մետաքսաթելի ֆաբրիկան (1958 թվականին)։ Մետաքսյա գործվածքների արդյունաբերության ձեռնարկությունների սարքավորումների նորացման, քիմ․ մանրաթելերի արտադրության զարգացման շնորհիվ աճել էր արտադրության ծավալը, ընդլայնվել թողարկվող գործվածքների տեսականին։ 1979 թվականին արտադրվել է 21, 7 միլիոն մ² մետաքսյա գործվածք։ Ճյուղի տեխնիկական զարգացման գիտահետազոտական ու կոնստրուկտորափորձարարական աշխատանքներով զբաղվում էր թեթև և տեքստիլ մեքենաշինության համամիութենական ԳՀԻ-ի Երևանի մասնաճյուղը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 485