Մեխլու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեխլու
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ

Մեխլու (իսկական անունը, ծննդյան և մահվան թվականներն անհայտ), գյուղացիական շարժման առաջնորդ Հայաստանում (XVII-րդ դարի 1-ին քառորդ)։ Ծագումով՝ Ուտիքից։ Սովորել է Գանձասարի հայոց կաթողիկոսարանում և ստացել սարկավագի աստիճան։ Արցախում քարոզել է հակաեկեղեցական գաղափարներ, որի համար կարգալույծ է արվել։ Շարունակել է պայքարը հոգևոր ու աշխարհիկ ավատատերերի դեմ, քարոզել, որ վանքապատկան գյուղերի հողերը պատկանում են գյուղական համայնքներին, քննադատել հոգևորականներին, պահանջել գույքային հավասարություն։ Շքեղազգեստ բարձրաստիճան վանականներից տարբերվելու համար կրել է երկու մեխով (որտեղից և «Մեխլու» մականունը) ամրացված այծամազե փալաս։ Ձևանալով որպես Քրիստոս՝ իր հետևորդներից էլ 12 հոգու (իբր Քրիստոսի 12 աշակերտներ) է ընտրել՝ հղփացած եկեղեցականներին պատմելու համար։ Մեխլուի գլխավորած շարժումը սկզբում հանդես է եկել կրոնական քողի տակ, սակայն 1606—1620 թթ. ընդունել է մեծ թափ (մասնակիցների թիվն անցել է 500-ից) և ստացել սոցիալական բնույթ։ Վախենալով շարժման ծավալից՝ հոգևորականությունը պահանջել է Մեխլուին հեռացնել Արցախից։ Իր հետևորդներով Մեխլուն անցել է Այրարատ և Քանաքեռում ընդհարվել Երևանի Ամիր-Գունա խանի զորքի հետ։ Շարժումը ճնշվել է, իսկ Մեխլուն արտաքսվել խանության սահմաններից։ Այնուհետև Մեխլուն եղել է Կարինում, Երուսաղեմում և Ամիդում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարությունյան Հ. Գյուղացիական շարժումները Հայաստանում 17-րդ դարի առաջին քառորդում, Երևան, 1939։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 403