Մասնակից:LilGrigoryan/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինֆորմացիայի ազատության կենտրոն
ՏեսակՀասարակական կազմակերպություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՀապավումԻԱԿ
Հիմնադրված2001
Իրավ. կարգավիճակԳործող
ՏեղագրությունԵրևան, Փավստոս Բուզանդի փող., 1/3 շենք, 4-րդ հարկ
ՆախագահՇուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոն, Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի կիրառմանը, պետական կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը, պետական ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը և այդտեղ քաղաքացիական հասարակության մասնակցությանը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականի հուլիսի 1-ին Երևանում։ Հիմնադրման ակունքում մի խումբ լրագրողներ և իրավաբաններ էին։ Կազմակերպության հիմնադիր-նախագահը Շուշան Դոյդոյանն է:

2001 թվականից ի վեր կենտրոնը տեղական և միջազգային գործընկերների հետ իրականացրել է տեղեկատվության ազատության ոլորտի զարգացմանը միտված ավելի քան 60 ծրագիր: Բացի այդ, կազմակերպությունն իրականացնում է նաև ծրագրեր, որոնք միտված են Հայաստանում կոռուպցիայի դրսևորումների վերացմանն ու կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

Կազմակերպությունն անդամակցում է ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի կոալիցիային, «Տեղեկատվության ազատություն. Եվրոպա» կազմակերպությանը[1]: 2019 թվականից ԻԱԿ-ն ՀՀ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում է: Կազմակերպությունը հանդիսանում է նաև Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի հիմնադիր-անդամ:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն աջակցում է ապատեղեկատվության դեմ պայքարին՝ տարբեր խմբերի համար կազմակերպելով թեմատիկ դասընթացներ, ստանալով և հանրայնացնելով հանրային կյանքին վերաբերող կարևոր ոլորտներին առնչվող տեղեկություններ ու փաստաթղթեր: ԻԱԿ-ն մշակել է 2023-2025 թվականների Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը և դրա իրականացման ճանապարհային քարտեզը[2]: Վերջինս պետական մարմիններին և քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելուն միտված փաստաթուղթ է: 2018 թվականից կազմակերպությունը համագործակցում է ՀՀ կառավարության հետ բիզնեսում իրական շահառուների թափանցիկության ուղղությամբ՝ որպես փողերի լվացման և հարկերից խուսափելու դեմ պայքարի միջոց:

Կազմակերպության ղեկավար Շուշան Դոյդոյանի, քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների և իրավաբանների նախաձեռնությամբ 2001 թվականից մշակվել է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը[3]: Ազգային ժողովն այն ընդունել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին: Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գրավոր տեղեկություն ստանալու կարգը: Կենտրոնը շարունակում է մասնակցություն ունենալ ոլորտի օրենսդրական դաշտի մշակմանը:

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի ընդունումից հետո Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պարբերաբար իրականացնում է մշտադիտարկումներ՝ Հայաստանում տեղեկատվության ազատության վիճակը գնահատելու համար:

Կենտրոնն ամեն տարի կազմակերպում է «Ոսկե բանալի» մրցանակաբաշխությունը[4]: Ոսկե բանալին շնորհվում է որպես հրապարակայնության խորհրդանիշ, իսկ Ժանգոտ կողպեքը՝ գաղտնիության կամ տեղեկատվության չտրամադրման խորհրդանիշ: Բանալին շնորհվում է «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը լավագույնս պահպանած պետական գերատեսչությանը, պաշտոնյային, հասարակական կազմակերպությանը, տեղական ինքնակառավարման մարմնին, լրագրողներին: Իսկ արդեն Կողպեքը՝ օրենքը խախտած, տեղեկություն չտրամադրած գերատեսչությանը: Հրապարակվում է նաև այն պաշտոնյաների, կազմակերպությունների Սև ցուցակը[5], որոնք այդ տարի թերի են պատասխանել հարցումներին, դրանք թողել են անպատասխան կամ անհիմն պատճառով մերժել են տեղեկատվություն տրամադրել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն, Ընդհանուր տեղեկություն». foi.am.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային հայեցակարգ». foi.am. Դեկտեմբեր 27, 2023.
  3. «ՀՀ օրենքը տեղեկատվության ազատության մասին». 15.11.2003.
  4. «3-րդ «Ոսկե բանալին»՝ Արտակ Զեյնալյանին. Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ամենամյա մրցանակաբաշխությունը». factor.am. 28.09.2018.
  5. «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2023-ի «Սև ցուցակը»». factor.am. 16.01.2024.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]