Մասնակից:Ancord2/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժեստերը ձեռքերի իմաստավորված շարժումներն են, որոնց ընթացքում դրանք հաճախակի են հպվում գլխին, դեմքին և մարմնին: Ժեստերն արտահայտում են առարկաներ, գործողություններ, երևույթներ, մատնանշում առարկայի տեղը, ուղղությունը, պատկերում ձևը, բնորոշ գիծը, նմանակում գործողությունները (ուտել, հագնել, լվացվել): Ժեստերը հաճախ ուղեկցվում են դիմախաղով, որը կարևոր դեր է խաղում հաղորդակցման ժամանակ և խոսքը դարձնում է ավելի հուզական ու տպավորիչ: Խուլերի ժեստային լեզվին տիրապետում են տարերայնորեն, առանց հատուկ ուսուցման (ընտանիքներում, կոլեկտիվներում): Ժեստերի լեզուն, հնչյունային լեզվի նման, ժամանակի ընթացքում զարգանում, փոփոխությունների է ենթարկվում և փոխանցվում սերունդներին: Յուրաքանչյուր երկիր ունի իր` ժեստերի ազգային լեզուն: Տարբեր ազգերին պատկանող խուլերի անմիջական շփումից ստեղծվել է ժեստերի միջազգային լեզու, որը հաղորդակցման միջոց է միջազգային չափանիշներով: Ազգային ժեստերի թիվը հասնում է 3-5 հազարի, իսկ միջազգայինը` 1500-ի:


Հայկական ժեստերի լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ժեստերի լեզվի համառոտ բառարանում (հեղ. Վ.Գ.Խալաթյան,2001) ընդգրկված են առօրյա խոսքում առավել հաճախ օգտագործվող 515 ժեստեր, որոնք խմբավորվում են ըստ թեմաների: Թեմաներում ընդգրկված ժեստերը որոշ չափով պայմանական են: Ժեստերը միաժամանակ համարակալված են և տրված` այբենական ցանկով: Ժեստերը պատկերված են ուրվագծերով: Շարժումներն արտահայտված են պայմանական նշաններով:

Պայմանական նշաններ

Լուսանկարներ համառոտ բառարանից

«Խոսող ձեռքեր» հայկական ժեստերի լեզվի բառարանում (աշխատանքների կոորդինատոր` Վ.Գ.Խալաթյան) ներառված են առավել հաճախ օգտագործվող 1034 բառ, 1118 ժեստ, որոնք խմբավորված են ըստ թեմաների: Ժեստերը ներկայացված են լուսանկարներով: Որոշ ժեստերի շարժումներն ավելի մատչելի դարձնելու նպատակով, դրանք ցուցադրված են երկու պատկերով: Սլաքներով ցույց են տրված ձեռքերի շարժումների ձևը և ուղղությունը: Տրված են ժեստերի բառային բացատրությունները: Կան բառեր և հասկացություններ (օր.`հատուկ անուններ), որոնք չունեն իրենց ժեստային արտահայտությունը, և դա լրացվում է մատնախոսությամբ:

Լուսանկարներ բառարանից


Հիմնադրման օրից ի վեր հայերեն ժեստերի լեզվի բառարանն անընդհատ թարմացվում է, քանի որ այն կենդանի լեզու է ու զարգանում, փոփոխություններ է կրում: Հայերեն ժեստերի լեզուն շատ մոտ է ռուսերեն ժեստերի լեզվին, քանի որ զարգացման հիմնական փուլերը կրել են խորհրդային և հատկապես ռուսական կրթական համակարգի ազդեցություն: 2012-ին Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի սաները դասախոս Սուրեն Ղարագյոզյանի ղեկավարությամբ ստեղծել են ժեստերի լեզվի համակարգչային բառարան: Հայ-անգլերեն բառարանը հնարավորություն է տալիս օգտագործողին անգլերեն կամ հայերեն լեզվով ստանալու ընտրված բառի թարգմանությունը, ինչպես նաև տեսնելու տվյալ բառի և նրա թարգմանությանը համապատասխան ժեստերի պատկերները: Բառարանում ընդգրկված են առաջնային հաղորդակցման համար անհրաժեշտ ավելի քան 300 հայկական ժեստեր, որոնք ուղեկցվում են համարժեք ամերիկյան ժեստերով, հայերեն և անգլերեն թարգմանություններով և պատկերներով: «Ֆրանս-հայկական զարգացման» հիմնադրամի DEAF.am նախագիծը ստեղծել է հայերեն ժեստերի լեզվի ինտերակտիվ բառարան[1]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Deaf.am» նախագիծ