Մատնախոսության այբուբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատնախոսության հայերեն այբուբեն

Մատնախոսության այբուբեն, նշանների այն համակարգը, որն օգտագործվում է խուլերի հետ հաղորդակցվելիս։ Մատնախոսության այբուբենում կա այնքան նշան, որքան տառ՝տվյալ լեզվում։ Յուրաքանչյուր տառ արտահայտելու համար մատներին տրվում է որոշակի դիրք, որը լրիվ կամ մասնակիորեն նմանվում է տառի պատկերին։ Կան նշաններ, որոնք ուղեկցվում են շարժումներով, կամ օդում գծագրում են տառի պատկերը։ Որոշ նշաններ ունեն ընդհանուր ուրվագիծ (օր.`մ,շ)։ Տարբերվում են միայն մատների ուղղությամբ և դաստակի շարժումով։ Մենք մատնախոսում ենք այնպես, ինչպես գրում ենք։

Անհրաժեշտ է պահպանել մատնախոսության որոշակի կանոններ.

  • Մատնախոսել աջ ձեռքով
  • Ձեռքը պահել կրծքավանդակի առջև, ուսից մի քիչ ցած, ափով դեպի զրուցակիցը
  • Մատնախոսությունն ուղեկցել համապատասխան բառերի ու արտահայտությունների պարզ արտասանմամբ
  • Մատնախոսելիս նայել զրուցակցին
  • Բառերի, նախադասությունների մեջ կարճ դադարներ տալ
  • Չհասկացվելու դեպքում կրկին մատնախոսել ամբողջ բառը։

Մատնախոսության այբուբենն արագ է յուրացվում և խուլերի հետ հաղորդակցվելու հնարավորություն է տալիս։ Հաճախ մատնախոսությունը շփոթում կամ նույնացնում են ժեստերի լեզվի հետ, սակայն դրանք ոչ մի ընդհանրություն չունեն։

Կան բառեր և հասկացություններ (օր.` հատուկ անուններ), որոնք չունեն իրենց ժեստային արտահայտությունը, և դա լրացվում է մատնախոսությամբ։ Մատնախոսության առաջին այբուբենը ստեղծվել է 1620 թ., Իսպանիայում։

Մատնախոսության հայերեն այբուբեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա տառը մատնախոսության հայերեն այբուբենով

Մատնախոսության հայերեն հայկական տարբերակը՝ 1961-ին, սուդոմանկավարժ Վ.Գ.Խալաթյանի կողմից[1]։ Հայերեն մատնախոսության այբուբենի 1-ին տարբերակը ստեղծվել էր նմանակման սկզբունքով, ըստ որի՝ մատնանշանները նմանվել էին հայերեն գրույթներին։ Նման սկզբունքով կառուցված մատնատառերի մոտ 56%-ը ամբողջովին և 31%-ը մոտավոր նման էին հայկական գրույթներին։

Սակայն, փորձարարության ժամանակ պարզվեց, որ այդ մատնախոսության այբուբենով երեխաները դժվարանում են հաղորդակցվել, քանի որ հայերեն տառերի գրությունները շատ բարդ են, ինքնատիպ և քիչ տարբերակվող (ս-ա, ր-ի, տ-փ, ջ-չ և այլն) և դրանց կատարման ժամանակ առաջանում էր մկանային լարվածություն, ինչը բացասաբար էր անդրադառնում մատնախոսելուև ընթերցելու ընթացքի վրա։ Ուսումնասիրելով 13 ազգային մատնախոսության այբուբեններ Խալաթյանը հայկական մատնատառերը կառուցեց՝ հիմք ընդունելով հայերեն լեզվի հնչյունային կազմը։ Երկրորդ տարբերակում այն մատնատառերի համար, որոնց հնչյունները հանդիպում են և ռուսերենում և հայերենում, տրվում են ռուսերեն մատնանշանների միջոցով, իսկ զուտ հայերեն հնչյունների համար ստեղծվեցին նոր մատնատառեր։ Մատնախոսության այբուբենի այդ տարբերակը հաջողությամբ կիրառվում է մինչ այսօր հատուկ կրթության համակարգում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]