Jump to content

Մասնակից:Սարդարյան Սիրանուշ/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գործակատարի հիշատակարանից, Ալեքսանդր Շիրվանզադեի վիպակն է, որը գրել է 1883 թվականին[1]:

Գործակատարի հիշատակարանից
Ժանրվիպակ
Ձևարձակ
ՀեղինակԱլեքսանդր Շիրվանզադե
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1883
ԿերպարներՏեր-Վահակ, Խաչի, հայրը՝ կոշկակար Սարգիս, մայրը, մանրավաճառ Թորոսը, դարբին Մարութ, Մակար աղա Գուլումյանց, Գրիգոր, Թագուհի, Թամար, աղա Ստեփան, աղա Աբրահամ, Գալուստ, Աթոյանց, Համբարձում

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիրվանզադեն թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը[2][3]։

Վիպակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Յորղա Խաչին դառնում է Խրիստաֆոր Սերգեևիչ աղա Առուշանով: Նա խաբում է, գողանում, թալանում էր տերերին, խլում նրանց գեղեցիկ աղջկան ու հարստությունը: Կործանվում է Գուլամյանների տունը, բայց դրա մեջ գրողը ողբերգություն չի տեսնում, քանի որ նրանք ևս հարստություն են կուտակել նույն ճանապարհով, ինչպիսի ճանապարհով բարձրացել է նրանց ծառան՝ Յորղա Խաչին[1]: Շիրվանզադեն նկարագրել է ոչ միայն առևտրական կուտակումների արդյունաբերական ելքը, այլև արհեստի, համքարության քայքայումը: Դա պարզապես նշված է «Գործակատարի հիշատակարանը» վիպակի մեջ, ուր ասված է, թե «Արհեստը բացի նրանից, որ նյութապես չի ապահովում մարդուս, մինչև անգամ բթացնում էլ է նրան»[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիպակի դիպաշարը սկսվում է Խաչիի տեր-Վահակի ուսումնարանն ավարտելով և ընտանիք վերադառնալու նկարագրությամբ: Այդ օրը Խաչիին ոչ ոք չէր նեղացնում, բոլորը նրան փայփայում էին: Չնայած իրենց սոցիալական ծանր վիճակին, մայրը այդ օր երկու տեսակի կերակուր է պատրաստում, իսկ հայրը՝ ճաշկերույթ կազմակերպում: Ճաշկերույթին հրավիրված էին տարբեր մասնագիտության մարդիկ, սակայն Խաչիի հիշողության մեջ դաջվում է հարևան մանրավաճառ Թորոսի խրատը: Թորոսը նրան ասում է, որ ամեն կերպ մեծերի հավատարմությունը շահի և նրանց համար դառնա սիրելի, և տարիներ հետո Խաչին կբացահայտի վաճառականների գաղտնիքը: Հետևելով Թորոսի խորհրդին՝ հայրը Խաչիին, որպես գործակատար, հաջորդ առավոտյան տանում է Գուլումյանցների խանութ: Խաչին Մակար աղային խոստանում է լինել հավատարիմ և կատարել նրա բոլոր պահանջները: Մակար աղան ուներ շքեղ բնակարան, և Խաչիի մեջ, բացի հարստությունից, նաև շքեղ տան համար հոգու խորքում սկսում է նախանձել աղային: Չնայած Մակար աղայի փոքր աղջիկը՝ Թագուհին ավելի գեղեցիկ էր, սակայն նա սիրահարվում է մեծ աղջկան՝ Թամարին, ով գեղեցկությամբ զիջում էր քրոջը: Խաչին տարիներ շարունակ աշխատում էր Մակար աղայի մոտ և ձեռք բերելով բավականին վստահություն, փորձում է ավելի ու ավելի բարձրանալ նրա աչքին: Մի օր Խաչին Մակար աղային պատմում է, որ իր աշխատակիցներից շատերը չարախոսում են իր մասին: Մակար աղան նրանց գործից ազատում է, և Խաչիին տալիս աշխատողներից մեկի պաշտոնը: Այնուհետև Մակար աղան որոշում է ամուսնանալ մի գեղեցիկ աղջկա հետ, որի համար տեր-Վահակը միջնորդություն էր անում, սակայն այդ աղջիկը մահանում է, և Մակար աղան ամուսնանում է մի հարուստ դրամատիրոջ աղջկա հետ: Այնուհետև Խաչին իմանալով, որ հնարավոր է Թամարին ամուսնացնեն, նա քաղաքում սուտ նորությունններ է տարածում, և դրանից հետո, ոչ ոք Թամարով չի հետաքրքրվում: Մի օր Մակար աղան իր մոտ է կանչում Խաչիին և հարցուփորձ անում նրա ու Թամարի մասին, և որոշում է Խաչիին ուղարկել Բաքու, իր եղբոր՝ Աբրահամ աղայի մոտ աշխատելու: Խաչին տարիներ շարունակ աշխատում է Բաքվում, Աբրահամ աղայից գումար է ստանում իր հագուստի և ընտանիքին ուղարկելու համար: Մի օր, երբ Մակար աղան իր ընտանիքով գնում է Բաքու, Աբրահամ աղան կրկին Թամարից հեռացնելու համար Խաչիին ուղարկում է Ռուսաստան: Մի որոշ ժամանակ անց նամակ է գալիս, որ աղան հիվանդ է և Խաչին վերադառնում է նրա մոտ, ստանում է գումար: Մահանում է Աբրահամ աղան: Այնուհետև Մակար աղան իր մոտ է կանչում Խաչիին, ով «յորղա Խաչինից» դարձել էր Խրիստաֆոր Սերգեյիչ, և նրան է հանձնում Թամարի ձեռքը և օժիտ: Խաչին գիտեր, որ այս ընտանիքում աղջիկների կարծիքը հաշվի չեն առնում, դրա համար էլ տարիներ շարունակ Մակար աղայի սիրտն էր շահում, որպեսզի կարողանա ամուսնանա աղջկա հետ: Վիպակի ավարտին Խրիստաֆոր Սերգեյիչ աղա Առուշանովը՝ տեր- Վահակից նամակ է ստանում: Տեր-Վահակը խնդրում է, որ եկեղեցու համար Ռուսաստանից զանգ բերի, նա ուրախությամբ ընդունում է խնդրանքը և մտածում, որ արդեն կարող է բարեգործություն անել[5]:

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գործակատարի հիշատակարանը» ստեղծագործությամբ Շիրվանզադեն ներկայացրել է արդյունաբերական քաղաքի ճշմարիտ պատկերը[6]: Յորղա Խաչու տիպը նորություն չէր մեր գրականության մեջ: Այդ տիպը շատ ավելի մեծ տաղանդով կերտված էր Գ. Սունդուկյանի, Րաֆֆու և Պ. Պռոշյանի կողմից (Զամբախով, Մասիսյան, Միկիտան Սաքո): Բայց կարևորն այն է, որ Շիրվանզադեն իր տեսած ու ճանաչած նյութի վրա է ստեղծել այդ կերպարը և հիմք դրել հայ նոր բուրժուազիայի քննադատությանը: «Գործակատարի հիշատակարանիցը» ուշագրավ է նաև նրանով, որ Շիրվանզադեն ներկայացնում է գավառական քաղաքի կյանքի մյուս կողմը՝ ցուցադրելով հայ վաշխառուի ճանապարհը գավառից մինչև Բաքու[1]:


Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր-Վահակ, Խաչի, հայրը՝ կոշկակար Սարգիս, մայրը, մանրավաճառ Թորոսը, դարբին Մարութ, Մակար աղա Գուլումյանց, Գրիգոր, Թագուհի, Թամար, աղա Ստեփան, աղա Աբրահամ, Գալուստ, Աթոյանց, Համբարձում[5]:

Կատեգորիա:Շիրվանզադեի ստեղծագործություններ

  1. 1,0 1,1 1,2 Հայ գրականության պատմություն, հ. 4. Երևան: ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ԳԱ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. 1972. էջ 201.
  2. «Գործակատարի հիշատակարանից».
  3. «Ալեքսանդր Շիրվանզադե».
  4. Ա. Հ. Տերտերյան (1959). Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը. Երևան: ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԳԱ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ. էջ 27.
  5. 5,0 5,1 Ալեքսանդր, Շիրվանզադե (1986). Պատմվածքներ, վիպակներ, հատոր առաջին. Սովետական գրող. էջեր 38–90. ISBN 006455. {{cite book}}: Check |isbn= value: length (օգնություն)
  6. Եվա, Մնացականյան (2011). Հայ գրականություն. Երևան: ՎՄՎ-ՊՐԻՆՏ. էջ 130.