Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Մկրտիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
ԴավանանքՌուս ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1903
Հիմնադրված1903
Քարտեզ
Քարտեզ

Հովհաննես Մկրտիչ տաճար / Սկարամանգովյան եկեղեցի (ռուս.՝ Храм Иоанна Предтечи / Скараманговская церковь), ներկայումս գոյություն չունեցող ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Ճարտարապետն է Սերգեյ Իլյիչ Գուշչինը։ Շինարարությունը սկսվել է 1903 թվականին, եկեղեցին փակվել է 1931 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի երկրորդ կեսին սկսվեց Տագանրոգի հրվանդանի հյուսիսային մասի արդյունաբերական յուրացումը։ Դրան սկիզբ դրեց կաշվի գործարանի շինարարությունը։ Մինչև 1890-ական թվականների վերջը բելգիացիներն արդեն կառուցել էին մետաղագործական և կաթսայագործարանները։ Սկարամանգովկա, Կասպերովկա և Նովոսյոլովկա շրջանների բնակչությունը արագ աճում էր, և քաղաքի այդ հսկայական հատվածում չկար ոչ մի եկեղեցի, 1901 թվականին Եկատերինոսլավյան հոգևոր կոնսիստորիան արծարծեց այդ վայրում թեմական եկեղեցի կառուցելու հարցը[1]։

Այդ գաղափարը հավանության արժանացավ նաև մոտակա գործարանների տերերի շրջանում։ Կայացած ընդհանուր ժողովում որոշվեց, որ տաճարը նվիրված է լինելու Հովհաննես Մկրտչին և գտնվելու է Սկարամանգովկա շրջանի կենտրոնում[1]։ Սկարամանգովկա ավանն ավելի վաղ գոյացել էր 1902 թվականին մահացած հարուստ վաճառական և կաշվի գործարանի սեփականատեր, ազգությամբ հույն Իվան Ամվրոսիևիչ Սկարամանգայի նախկին կալվածքների տարածքում։

Եկեղեցին հիմնադրվել է 1903 թվականի մայիսի 14-ին Ամվրոսիևսկայա փողոցի և 2-րդ Կոժևեննի նրբանցքի խաչմերուկի մոտ։ Նախագծի հեղինակը տեղացի ճարտարապետ Ս. Ի. Գուշչինն էր։ Եկեղեցին կառուցվել է մեկ տարի անց[1]։

Սրբապատկերներ և սրբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականի նոյեմբերի 21-ին եկեղեցական թափորով Հովհաննես Մկրտիչ եկեղեցի է բերվել Պոչաևյան Աստվածամոր սրբապատկերների մեծ սրբապատկեր-ձեռագիրը[2]։ Մինչ այդ այն գտնվում էր Կայարանի մատուռում՝ Տագանրոգի երկաթուղային կայարանի մոտ[2]։

Եկեղեցու հոգևորականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր եկեղեցու գոյության առաջին տարիներին այնտեղ չի եղել սեփական հոգևորականություն։ Ժամերգությունները և ծեսերը կատարել են այլ եկեղեցիների քահանաներ։ 1907 թվականին նշանակվել է վանահայր` Միխայիլ Գնուտովսկին, որն ապրել է եկեղեցում և ծառայել այնտեղ մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը։ Այստեղ ծառայել են նաև քահանա Պյոտր Կրավչենկոն և սարկավագ Կ. Պրոսվիրինը։ Եկեղեցու գոյության վերջին տարիներին հոգևոր հովիվ էր ավագ երեց Վ. Պ. Բերյոզկինը, քահանա` ավագ երեց Գ. Տ. Ֆոմինը, դպիր` Ա. Ի. Սախնովսկին[1]։

Տաճարի ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականի սեպտեմբերի 25-ին կաշվի գործարանի բանվորների ժողովում որոշվեց դիմել իշխանություններին՝ խնդրելով «ազատվել խավարամտության օջախից»։ Մեկ ամսից քաղաքային խորհրդի նախագահությունը որոշեց փակել եկեղեցին, գույքը փոխանցել մոտակա կրոնական խմբերին, իսկ եկեղեցու շենքը հանձնել 2-րդ աստիճանի դպրոցին[1]։

Հավատացյալները փորձեցին պաշտպանել իրենց տաճարը, պահպանելու խնդրանքով հավաքվեց մոտ 700 ստորագրություն, սակայն ապարդյուն։ 1931 թվականի նոյեմբերի 11-ին իշխանությունները որոշեցին. «Հովհաննես Մկրտիչ եկեղեցին փակել, տարածքն օգտագործել որպես ակումբ-կինո, եկեղեցական նախկին ունեցվածքն առգրավել»[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Киричек М. С. Святые купола Таганрога. — Таганрог: ИП Стадников, 2008. — С. 39-43. — ISBN 978-5-9901455-1-1.
  2. 2,0 2,1 Гаврюшкин О.П. Отблески золотых куполов. История таганрогских церквей и захоронений христианского кладбища. — Таганрог: 1999. — С. 118-119. — ISBN 5-87612-016-2.