Հնդկաստանի խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանսադ Բհավան՝ Հնդկաստանի խորհրդարանի վայրը

Հնդկաստանի խորհրդարան (կան Սանսադ), Հնդկաստանի օրենսդրական իշխանության բարձրագույն դաշնային մարմին։ Ներառում է Հնդկաստանի նախագահին և երկու պալատներ՝ ստորին պալատ, որը կոչվում է Լոկ սաբհա, և վերին պալատ՝ Ռաջյա սաբհա[1]։ Խորհրդարանի շինությունը տեղակայված է Նյու Դելիում և կրում է Սանսադ Բհավան անունը։ Օրենսդրական ակտերը ընդունվում են սկզբում երկու պալատների, ապա նախագահի կողմից օրենքի նախագծի հաստատմամբ։ Նիստերի կենտրոնական սրահը ավանդաբար օգտագործվում է ստորին և վերին պալատների համատեղ նիստերի անցկացման համար։

Ստորին պալատ (Լոկ սաբհա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանի ստորին պալատը Լոկ սաբհան է (Ժողովրդական պալատ)։ Նրա անդամները ընտրվում են մաժորիտար համակարգի հիման վրա ուղղակի համընդհանուր գաղտնի քվեարկությամբ; Այն առավել ազդեցիկն է երկու պալատներից, գերազանցում է վերին պալատին իր նշանակությամբ և լիազորությունների ծավալով։ Ըստ Հնդկաստանի սահմանադրության՝ Լոկ սաբհայի անդամների առավելագույն թիվը 552 պատգամավորն է (մինչև 530 նահանգներից, մինչև 20՝ միութենական տարածքներից, և ևս երկուսը կարող են նշանակվել նախագահի կողմից բրիտանական ծագում ունեցող հնդիկների հետաքրքրությունները ներկայացնելու նպատակով)։

Վերին պալատ (Ռաջյա սաբհա)[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդարանի վերին պալատը Ռաջյա սաբհան է (Նահանգների խորհուրդ)։ Նրա անդամները ընտրվում են անուղղակի կերպով՝ դաշնության սուբյեկտների՝ Հնդկաստանի նահանգների և միութենական տարածքների օրենսդիր մարմինների անդամների կողմից։

Ռաջյա սաբհան ընդգրկում է 250 պատգամավոր։ Պալատը չի կարող լուծարվել, իսկ նրա անդամների ընտրությունը իրագործվում է նախապես որոշված ռոտացիոն գրաֆիկով։ Պալատի յուրաքանչյուր անդամ ընտրվում է վեցամյա ժամկետով, նոր ընտրություններ անցկացվում են պալատի կազմի մեկ երրորդի համար յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ։

Խորհրդարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի խորհրդարանի բակը

Խորհրդարանի նիստերի վայրը կոչվում է Սանսադ Բհավան, որը կլոր շինություն է՝ կառուցված բրիտանացի ճարտարապետներ Էդվին Լաչենսի և Հերբերտ Բեյքերի նախագծով 1912-1913 թվականներին։ Կառույցի արտաքին օղակի տանիքը կանգնած է 144 գրանիտե սյուների վրա։ Գեղեցիկ տեսարան է բացվում դեպի խորհրդարանի շենք Հնդկաստանի դարպասներից։

1958 թվականից սկսած՝ Խորհրդարանական պալատի իշխանական սրահում է տեղակայված Հնդկաստանի վերին ատյանի դատարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Indian Parliament». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]