Հյուսվածքաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հյուսվածքաբուժություն, բուժական մեթոդ, կենդանիների կամ բույսերի պահածոյացված հյուսվածքների (մաշկ, եղջերաթաղանթ, հալվեի տերևներ) կամ դրանց պատրաստուկների ներմուծումը (կտրելով կամ ներարկելով) մաշկի կամ աչքի շաղկապենու մեջ։ Առաջարկել է Վլադիմիր Ֆիլատովը, 1930-ական թվականներին։ Համաձայն նրա կոնցեպցիայի, ցածր ջերմաստիճանում պահած (կամ այլ մեթոդով պահածոյացված) հյուսվածքներում, միջավայրի անբարենպաստ պայմաններին հարմարվելու պրոցեսում, կուտակվում են կենսաբանական բարձր ակտիվությամբ օժտված նյութեր՝ կենսածին խթանիչներ, որոնք և որոշում են հյուսվածքաբուժության բուժիչ արդյունքը։ Հյուսվածքաբուժությունը բուժման ոչ սպեցիֆիկ մեթոդներից է։ Ակտիվացնելով օրգանիզմի իմունային և վերականգնողական ֆունկցիաները՝ հաճախ արդյունավետ է ազդում դանդաղ ընթացող տարբեր ծագման ախտաբանական պրոցեսների (բորբոքային, կազմափոխական, ապաճական) դեպքում։ Արդի բժշկությունում այն կիրառվում է գլխավորապես աչքի և մաշկային որոշ հիվանդությունների ժամանակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 456