Վլադիմիր Ֆիլատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վլադիմիր Պետրովի Ֆիլատով (ռուս.՝ Влади́мир Петро́вич Фила́тов; փետրվարի 27, 1875, Պենզայի գուբերնիա, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 30, 1956, Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ), ռուս-ուկրաինացի խորհրդային ակնաբան, վիրաբույժ, ԽՍՀՄ ԲԳԱ (1944) և Ուկրանիական ԽՍՀ ԳԱ (1939) ակադեմիկոս, սոցիալիստական աշխատանքի հերոս (1950), Նիլ Ֆիլատովի եղբոր որդին։

1897 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1911 թվականից՝ Նովոռոսիյսկյան (Օդեսա) համալսարանի բժշկական ֆակուլտետի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, միաժամանակ (1936-56 թթ.) փորձառական ակնաբուժության (1965 թ.-ից՝ Օդեսայի աչքի հիվանդությունների և հյուսվածքաբուժության ինստիտուտի Վ․ Ֆիլատովի անվան) ինստիտուտի դիրեկտոր։

Պլաստիկ վիրաբուժությունը հարստացրել է այսպես կոչվող ֆիլատովյան ցողունի մեթոդով (1917)։ Ֆիլատովի աշխատանքներն աչքի եղջերապատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեն։ Մշակել է աչքի լրիվ (1924) և մասնակի (1927-1938) թափանցող եղջերապատվաստման նոր մեթոդներ, ստեղծել նոր սարքեր։

Փոխպատվաստման համար օգտագործել է դիակի պահածոյացված հյուսվածքներ, եղջերաթաղանթ և այլն։ Մշակել է բուժման սկզբունքորեն նոր մեթոդ՝ հյուսվածքաբուժություն։

Վլադիմիր Ֆիլատովը «Օֆտալմոլոգիչեսկի ժուռնալ»-ի («Офтальмологический журнал») հիմնադիրն ու խմբագիրն էր (1946)։

Պարգևներ[խմբագրել]

Ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1941), ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան ոսկե մեդալ (1951)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png