Հին Ամերիկայի ճարտարապետություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեոտիտուխանի միջնաբերդ

Հին Ամերիկայի ճարտարապետություն, Կենտրոնական Ամերիկայի տարածքի և Հարավային Ամերիկայի արևմտյան ափերին կազմավորված ու զարգացած մշակութային տարր։ Երբ իսպանացիները նվաճեցին Ամերիկան (1519), այստեղ ապրող ժողովուրդները գտնվում էին հասարակական ու մշակութային զարգացման բարձր մակարդակի վրա, որի մասին են վկայում պահպանված բազմաթիվ աչքի ընկնող հուշարձանները։ Նշված ժողովուրդների հասարակական կյանքը, ըստ մոտավոր սահմանման, անցել է զարգացման հետևյալ փուլերը.

  1. Արխայիկ, որն ընդգրկել է 15-8-րդ դարերն ընկած ժամանակաշրջանը, երբ դեռ այստեղ տիրում էին համայնական կարգերը, և ճարտարապետությունը դեռ չէր կազմավորվել։
  2. Համայնքների տրոհման և դասակարգերի շերտավորման ժամանակաշրջան (VII-I դարեր)։ Այս փուլում զարգանում է արհեստական ոռոգման վրա հենվող հողագործությունը։ Կառուցվում են առաջին պաշտամունքային շենքերը՝ բուրգերը։ Առաջանում է մոնումենտալ քանդակագործություն և ճարտարապետական արվեստ։

Մեքսիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսնի բուրգը Արևի բուրգից Տեոտիխուականում

Մեքսիկայում գոյություն են ունեցել մշակութային զարգացման մի քանի կենտրոններ, դրանցից մի քանիսի գոյությունն եղել է տևական, մյուսներինը՝ կարճատև։

Կարևոր են զարգացման հետևյալ կենտրոնները՝ ա. Մեխիկոյի հովիտ բ. Մեքսիկական ծոցի ափեր գ.Կենտրոնական ծովափ դ.Հարավային Մեքսիկա։ Մեխիկոյի հովտում է գտնվում Հին Ամերիկայի առավել վաղ շրջանի (մ.թ.ա. 500 թ.) հուշարձաններից մեկը՝ Կուիկուիլկո պաշտամունքային բուրգը։ Սա հատակագծում կլոր (d =135 մ) ու ծավալներով աստիճանաձև էր՝ բաղկացած հաջորդաբար ավելացված (2, ապա ևս 2) աստիճաններից՝ մոտ 20 մետր բարձրությամբ։ Մի կողմից գտնվող լայն աստիճանները տանում էին դեպի բուրգի գագաթը, ուր տեղադրված էր զոհասեղանը։ Բուրգի կառուցվածքն իրագործված է կավով միացված մեծաչափ գետաքարերով։ Հին Ամերիկայի այս և մյուս բուրգերը հանդես են բերում որոշ նմանություն Միջագետքի զիկուրատններին։ Առաջինները, բացի պաշտամունքային նպատակներից, օգտագործվում էին նաև աստղաբաշխական դիտումների համար, իսկ հարձակումների ժամանակ օգտագործվում էին որպես պաշտպանական կենտրոն։ Կուիկուիլկոյում բացվել են հին բնակարանների մնացորդներ։ Դատելով դրանցից՝ Կուիկուիլկոյի բնակելի տները նման էին ժամանակակից բնիկների տներին։ Նրանց պատերը հյուսված էին ճյուղերից ու սվաղված էին կավով, կտուրը հարդածածկ էր։ Բնակավայրը հիմնադրված էր ջրի մոտ, որն օգտագործվում էր երկրագործության ու կենցաղային կարիքների համար։ Շատ ավելի ընդարձակ էր մեկ ուրիշ՝ Տեոտիխուական կոչվող բնակավայրը (մ. թ.ա. 300-մ.թ. 900 թվականներ), որի առավել ծաղկումը տեղի է ունեցել դասական շրջանում։ Լեռնային բարձրադիր (ծովի մակերևույթից 2300 մ բարձր) վայրում աառաջացած այս բնակավայրի` հողագործությամբ զբաղված բնակիչները ձեռնարկում են առաջին պաշտամունքային շենքերից մեկի՝ (հիմքում 210-220 մ, բարձրությունը 60 մ) Արևի քառաստիճան բուրգի ( 1-ին դար) շինարարությունը։ Բուրգի ողջ ծավալը շինվել է շաղախով միացած գետաքարերով, իր գոյության ընթացքում ենթարկվել է վերակառուցումների։ Մի կողմից տեղադրված լայն ու հանդիսավոր աստիճանները տանում են դեպի բուրգի գագաթը, որտեղ գտնվում է զոհասեղանը։ Պաշտամունքային ծեսը, այդ թվում նաև գերիների, ստրուկների ու հանցագործների զոհաբերությունը կատարում էին աստիճանների վրա ու գագաթին։ Արևի բուրգին սիմետրիկ տեղադրված էին փոքր չափի բազմաթիվ բուրգեր, որոնցով ընդգծվում էր գլխավորի մեծությունը։

Արևի բուրգը Տեոտիխուականում

Պաշտամունքային կենտրոնը կազմավորում էր ընդարձակ համալիր` ձգված 2 կիլոմետրանոց մայրուղու աջ և ձախ կողմերում։ Մայրուղու վերջում տեղադրված էր Լուսնի բուրգը, որն իր չափերով (հիմքում 120×150 մ, բարձրությունը 42 մ) փոքր-ինչ զիջում է Արևի բուրգին։ Մայրուղու մյուս (հարավային) վերջավորության մոտ տեղադրված էր Կեցալկոատլի կոչվող տաճարային ընդարձակ համալիրը, որի կառուցումը նույնպես տեղի է ունեցել հաջորդաբար։ Քամու աստծուն նվիրված տաճարային համալիրի տեղում կառուցված նույնանուն բուրգն ավելի ուշ (մինչև 500 թվական) ծածկվել է փոքր չափերի աստիճանաձև բուրգով։ Համալիրի հետագա կառուցապատման ժամանակ մեծ բուրգի բոլոր կողմերում ստեղծվել է ավելի փոքր բուրգերից բաղկացած (4-ական հատ առաջի և 3 հատ ետևի կողմից)[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վարազդատ Հարությունյան, Հին աշխարհի ճարտարապետություն, Երևան, 1978

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]