Հեգնանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հեգնանք, իրոնիա ( հուն.՝ είρωνεία՝ շինծուություն, ծաղր), կյանքի նկատմամբ երգիծական վերաբերմունքի արտահայտման ձևերից մեկը (տես նաև Երգիծանք)։ Հեգնանքը, ամենից առաջ, պատկերավորության ոճական-արտահայտչական միջոց է։ Սակայն հեգնանքը տարբերվում է սովորական երգիծանքից նրանով, որ բացասական վերաբերմունքն արտահայտում է անուղղակի ճանապարհով, առերես դրական հատկանիշներ վերագրելով։ Ըստ ձևի հաստատելով անձի կամ երևույթի արժանիքները, դրանով իսկ ցույց է տալիս դրանց լիակատար բացակայությունը (օրինակ, «Քաջ Նազար» արտահայտությունը կամ «Որքան հերոսական միջոցներ մի չնչին՝ մանր, եսամոլ նպատակի համար» խոսքերը՝ Ռաֆայել Պատկանյանի «Փառասերը» վիպակի հերոս Ալթմազովի մասին)։ Ավելի լայն առումով՝ հեգնանքը իրականության գեղագիտական գնահատման եղանակ է, որը մեծ տեղ է գրավել XIX դ. ռոմանտիկական արվեստում։ Ռոմանտիկական հեգնանքը օգնում էր սուբյեկտիվորեն վեր կանգնելու իրականության ողբերգական հակադրություններից, հաստատելու անհատի իրավունքները, նրա գերազանցությունը հակառակորդի նկատմամբ։ Հեգնանքը կարող է ընդգրկել գեղարվեստական երկն ամբողջությամբ, դառնալով նրա բովանդակության և կառուցվածքի էական հատկանիշներից մեկը (օրինակ, է. Ռոտերդամցի, «Գովք հիմարության», Երվանդ Օտյան, «Վաճառականի մը նամակները կամ կատարյալ մարդ ըլլալու արվեստը»)։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png