Հաղպատի գյուղացիների ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսարան Հաղպատ գյուղից

Հաղպատի գյուղացիների ապստամբություն, ըմբոստություն ընդդեմ կալվածատիրական կարգերի, որը տեղի է ունեցել 1903 թվականի նոյեմբերին Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի կազմում ներառված Հաղպատ գյուղում։ Այն վերաճել է զինված ընդհարումների Հաղպատի բնակչության և ռուսական իշխանության միջև և դաժանորեն ճնշվել կայսերական կազակական զորաջոկատների կողմից[1][2][3][4]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1900-ական թվականների սկզբին Հաղպատի բնակչությունը գտնվում էր տնտեսաիրավական դժվարին իրավիճակում[1][3]։ Բնակչությանն էր պատկանում Հաղպատի հողատարածքից 500 դեսյատին, իսկ մնացած 6500 դեսյատինը պատկանում էր ազգությամբ վրացի իշխան Բարաթովին[1][4]։ Հաղպատի բնակչությունը գյուղատնտեսությամբ զբաղվելու համար ստիպված էր Բարաթովի հողերը վերցնել կապալով[1][3]։

Կապալի պայմանները բավականին ծանր էին, և գյուղացիները վճարում էին մեծ գումարներ ու կատարում կապալով սահմանված պարտավորությունները[1]։ 1902 թվականին Բարաթովը բարձրացնում է հողի կապալավարձը, ինչը հանգեցնում է գյուղացիների անհամաձայնության[1]։ Նա նաև պահանջում է, որպեսզի գյուղացիները իրեն վաճառեն իրենց հողատարածքները[4]։ Ստեղծված իրավիճակում Բարաթովը դիմում է դատարան և գյուղացիներից պահանջում իր սահմանած կապալավարձը[1]։ Դատարանը վճիռ է կայացնում ի օգուտ Բարաթովի[1]։

Գյուղացիների բարձրացրած խռովություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատի գյուղացիների ապստամբության պատկերումը Էդուարդ Իսաբեկյանի կտավում (1956 թվական)

Չցանկանալով համակերպվել դատարանի վճռին և վճարել բարձրացված կապալավարձը՝ Հաղպատի բնակչությունը հրաժարվում է կատարել դատարանի պահանջը[1]։ Իրավիճակը կարգավորելու համար մի քանի անգամ Հաղպատ գյուղ է ժամանում գավառապետ Շանշիևը, սակայն չի կարողանում հանգուցալուծել խնդիրը[1]։

1903 թվականի նոյեմբերի 8-ին 60 հեծյալ ոստիկանների ուղեկցությամբ Հաղպատ է ժամանում Բորչալուի գավառի դատական կարգադրիչը (այն ժամանակ պրիստավը), որպեսզի վաճառքի ներկայացնելու համար գույքագրի և առգրավի գյուղացիների գույքը[1][4]։ Հաղպատի բնակչությունը չի հանդուրժում նման գործողությունները և խռովվություն բարձրացնում։ Նրանք զինված դիմադրություն ենցույց տալիս ոստիկաններին, որի հետևանքով դատական կարգադրիչն և ոստիկանները փախուստի են դիմում[1][4]։ Գյուղացիների ըմբոստությունից հետո գավառապետ Շանշիևը հեռագիր է ուղարկում Թիֆլիսում գտնվող Կովկասի կառավարչապետին և հայտնում, որ Հաղպատի բնակչությունը ըմբոստացել է և զինված դիմադրություն ցույց տալիս[1]։

2 օր անց՝ նոյեմբերի 10-ին Հաղպատ է ժամանում 150 կազակներից ու մեծաթիվ ոստիկաններից կազմված խոշոր զորաջոկատ և բնակչության նկատմամբ իրականացնում բռնաճնշումներ[1][3][4]։ Նրանք ներխուժել են տներ և առգրավվել գյուղացիների իրերը, գոմերից դուրս հանել կենդանիներին։ Դրանից հետո Հաղպատի բնակչությունը դիմադրություն է ցույց տալիս՝ փայտերով ու քարերով հարձակվելով կազակ-ոստիկանների վրա[1]։ Բախումների ընթացքում կազակ-ոստիկանները կրակ են բացել գյուղացիների ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է 8 գյուղացի, այդ թվում՝ 4 կին, իսկ շատերը ծանր վիրավորվել[1]։ Ճնշելով գյուղացիների դիմադրությունը՝ կազակ-ոստիկանները գյուղացիների նկատմամբ իրականացրել են անմարդկային գործողություններ[1][3]։ Նրանք դաժանորեն ծեծել են տղամարդկանց և երեխաների, իսկ կանանց ու աղջիկների բռնաբարել[1]։ Իրականացրել են համատարած թալան և կողոպուտ[1]։ Շուրջ 200 գյուղացի ձերբակալվել է[4][3], որոնցից 18-ը տեղափոխվել Թիֆլիսի քաղաքի Մետեխի վանքի տարածքում գտնվող Մետեխի բանտ[4] (ԽՍՀՄ տվյալներով՝ ձերբակալվել է շուրջ 60 բնակիչ[1]

Հետագա իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատի դեպքերը հուզումներ առաջացրեցին հարակից բնակավայրերում[1][3]։

1905 թվականին Հաղպատի բնակչությունը ստեղծում են հեղափոխական գյուղացիական կոմիտե, որը հրաժարվել է ճանաչել կառավարության իշխանությունը և ստանձնել է գյուղի կառավարումը, հրաժարվել կալվածատերերին հարկեր վճարելուց, ցարական իշխանությունների կարգադրությունները կատարելուց[3]։

Պատահական չէ, որ ցարական իշխանությունների դեմ պայքարող բոլշևիկներ Ստեփան Շահումյանի և Սուրեն Սպանդարյանի առաջին հավաքներից մեկը 1905 թվականին տեղի ունեցավ հենց Հաղպատում[3]։

Դեպքերի արտացոլումը մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաղպատի գյուղացիների ապստամբության պատկերումը Էդուարդ Իսաբեկյանի կտավում (1957 թվական)

Հաղպատի գյուղացիների ապստամբությանն է նվիրված Խորհրդային Հայաստանի ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի 2 կտավները, որոնք նա նկարել է 1956 և 1957 թվականներին[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 Մ․Ներսիսյան, «Հայ ժողովրդի պատմություն, Հայաստանը 1905-1907 թթ․ ռեվոլյուցիայի տարիներին», Հայկական ՍՍՌ գիտությունների ակադեմիայի տեղեկագիր, 1955 թվական։
  2. Վահե Աթանեսյան, «Միքայել Արամյանց։ կյանքի եւ գործունեության դրվագներ», Էդիտ Պրինտ հրատարակչություն]
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Ավանգարդ», օրգան ՀԼԿԵՄ կենտկոմի, № 89, հինգշաբթի, 25 հուլիսի 1963 թվական։]
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Լ․Ա․Մկրտումյան, «Հայոց պատմություն», Երևան, «Տնտեսագետ» հրատարակչություն, 2016 թվական, ISBN 978-9939-61-150-1
  5. «Հաղպատի գյուղացիների ապստամբությունը 1903 թվականին. 1957, կտավ, յուղաներկ, 208×230», (արխիվացված 12․02․2024 թվականին)։
  6. «Հաղպատի գյուղացիների ելույթը 1903թ.. 1956, կտավ, յուղաներկ, 149.5×140», (արխիվացված 12․02․2024 թվականին)։