Կուսածաղիկ փոքր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուսածաղիկ փոքր
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Շնամեռուկազգիներ
Տեսակ Կուսածաղիկ փոքր
Լատիներեն անվանում
Vinca minor


Կուսածաղիկ փոքր (լատին․՝ Vinca minor), շնամեռուկազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշտադալար, բարակ հորիզոնական կոճղարմատով բազմամյա խոտաբույս է։ Քուղանման հավելյալ արմատները փնջերով աճում են 70 սմ երկարությամբ կոճղարմատի հանգույցներից։ Պառկած ցողունը ճյուղավոր է և 60 սմ երկարությամբ։ Ծաղկակիր ընձյուղները փռվող են և ուղղահայաց։ Հակադիր դասավորված, մերկ, կաշվեկերպ, կարճակոթ տերևների ծայրերը սրված են։ Կանաչ բաժակով և ձագարաձև կապտամանուշակագույն պսակով գեղեցիկ հնգանդամ ծաղիկներն աճում են տերևածոցերում՝ երկար ծաղկակիրների վրա։ Պսակի երկար նեղ խողովակն ավարտվում է լայնացած հետծալքով։ Տերևապտուղները երկարավուն են[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուսածաղիկը այգիներում և պուրակներում աճեցվող գեղազարդային թունավոր բույս է։ Հանդիպում է Երևանի շրջակայքում և բուսաբանական այգու տարածքում[1]։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը, հաճախ տերևները։ Արտաքին կիրառման եղանակով օգտագործում են ցաների և մաշկային այլ հիվանդությունների բուժման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.