Կորած տրիլիոնի գործ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորած տրիլիոնի գործ

Կորած տրիլիոնի գործ (թուրքերեն՝ Kayıp Trilyon Davası), ֆինանսական սկանդալ Թուրքիայում՝ 1998 թվականին։ Պատճառն այն էր, որ Բարօրության կուսակցությունը (թուրքերեն՝ Refah Partisi) հրաժարվում էր վերադարձնել Թուրքիայի գանձապետարանից ավելի վաղ ստացված մոտ տրիլիոն լիր (մոտ 3,5 մլն դոլար) դրամաշնորհները[1]։ Վճարումներից խուսափելու համար կուսակցությունը կեղծել է ֆինանսական փաստաթղթերը, ինչի արդյունքում կուսակցության առաջնորդ և երկրի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը և նրա 68 գործընկերները դատապարտվել են ազատազրկման։ Էրբաքանի խափանման միջոցն ավելի ուշ փոխվեց տնային կալանքի, սակայն արդեն մի քանի ամիս անց Էրբաքանը ներում ստացավ Թուրքիայի նախագահի հրամանագրով։

Սկանդալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրբաքանի հիմնադրած Բարօրության իսլամական կուսակցությունը Թուրքիայի գանձապետարանից դրամաշնորհներ է ստացել գոյություն ունեցող օրենքներին համապատասխան։ 1998 թվականին Թուրքիայի Սահմանադրական դատարանն արգելել էր կուսակցության գործունեությունը՝ նրան մեղադրելով պետության սեկուլյար համակարգը տապալելու փորձի և այն իսլամական ֆունդամենտալիզմի փոխարինելու մեջ[2]։ Էրբաքանին արգելվել է քաղաքական գործունեությամբ զբաղվել հինգ տարի շարունակ։ Սահմանադրական դատարանի որոշումներին աջակցել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը[3]։

Գանձապետարանը պահանջել է վերադարձնել ավելի վաղ տրամադրված ֆինանսական օգնությունը մոտ մեկ տրիլիոն լիր ընդհանուր գումարով։ Կուսակցական պաշտոնյաները հայտարարել են, որ գումարը ծախսվել է կուսակցության կարիքների համար, սակայն հաջորդած ֆինանսական ստուգումը պարզել է, որ միջոցները փոխարկվել են 10 միլիոն դոյչմարկերի եւ դրվել են «Yapı ve Kredi Bankası» բանկի հաշվին։ 1997 թվականի սկզբին գումարը հանվել է հաշվից։

1999 թվականի սկզբին Էրբաքանին և կուսակցության 78 անդամներին մեղադրել էին ֆինանսական փաստաթղթերը կեղծելու միջոցով միջոցները թաքցնելու մեջ։ Գործը ստացել է «կորած տրիլիոնի գործերը» անվանումը[4]։

2002 թվականի մարտին Էրբաքանը դատապարտվել էր 2 տարի 4 ամիս ազատազրկման։ Եվս 68 կուսակցական պաշտոնյաներ ժամկետներ են ստացել մինչև մեկ տարի և երկու ամիս։ Բանտից խուսափած ֆիգուրանտներից մեկը դարձել է Աբդուլա Գյուլը՝ Բարօրության կուսակցության նախկին փոխնախագահը, որը դատավճռի հրապարակման պահին խորհրդարանի անդամ էր նոր իսլամիստական կուսակցության կազմում և անձեռնմխելիություն ուներ։

Էրբաքանը մի քանի անգամ խուսափել էր պատժից՝ հիմնվելով առողջական վատ վիճակի վրա, և արդյունքում հասել Է դատավճռի մեղմացմանը մինչև տնային կալանքի տակ 11-ամսյա գտնվելը։ 2008 թվականին Բալըքեսիրի իր ամառային տանը պատիժը կրելուց հետո Էրբաքանը ներման խնդրագիր է ներկայացրել։ Աբդուլա Գյուլը, որն այդ ժամանակ Թուրքիայի նախագահն էր, հրամանագիր է ստորագրել Էրբաքանին ներում շնորհելու մասին՝ վերջինիս վատ առողջության հիման վրա (Էրբաքանը մահացել է 2011 թվականին 84 տարեկանում)։ Գյուլը կրկին դատարան է հրավիրվել միայն 2014 թվականին՝ իր նախագահական ժամկետի ավարտից հետո, որտեղ ցուցմունք է տվել։ 2014 թվականի դեկտեմբերին Անկարայի գլխավոր դատախազը հրաժարվել էր մեղադրանքներից անհրաժեշտ ապացույցների բացակայության պատճառով[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «World: Turkish Islamist leaders face fraud charges». BBC. 1998. Վերցված է 2015-ին.
  2. «Despatches». BBC. 1998. Վերցված է 2015-ին.
  3. Childs, Martin (2011 թ․ մարտի 4). «Necmettin Erbakan: Politician who served as Turkey's first Islamist prime minister». The Independent. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  4. «Turkish supreme court ratifies imprisonment term for former PM». Kuwait News Agency. 2003 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Prosecutor moves to stop trial of Gül». Hürriyet Daily News. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.