Կոնցենտրացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոնցենտրացիա (նոր լատ. concentratio, լատ. con (cum)- միասին, հետ և centrum — կենտրոն, կենտրոնակետ, առանցքակետ) քիմիայում, մեծություն, որն արտահայտում է տվյալ բաղադրամասի հարաբերական քանակությունը ֆիզիկա-քիմիական համակարգում (խառնուրդում, լուծույթում, միահալույթում)։ Կոնցենտրացիայի արտահայտման եղանակներն են.

Բաժնային կոնցենտրացիա ըստ զանգվածի, որը տվյալ բաղադրամասի հարաբերությունն է համակարգի ամբողջ զանգվածին, այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի տոկոսային կոնցենտրացիա՝ ըստ զանգվածի։

Ատոմական (մոլային) բաժնային կոնցենտրացիան տվյալ բաղադրամասի գրամ-ատոմների (մոլերի) հարաբերությունն է համակարգի գրամատոմների (մոլերի) ընդհանուր թվին։ Այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի կոնցենտրացիան՝ արտահայտված ատոմական (մոլային) տոկոսներով։

Ծավալային բաժնային կոնցենտրացիան տվյալ բաղադրամասի ծավալի հարաբերությունն է համակարգի ամբողջ ծավալին, այդ հարաբերությունը բազմապատկելով 100-ով՝ կստացվի կոնցենտրացիա՝ արտահայտված ծավալային տոկոսներով։

Հեղուկ համակարգերի կոնցենտրացիան արտահայտում են

  • տոկոսներով, որը ցույց է տալիս, թե 100 գ լուծույթում քանի գ նյութ է լուծված
  • մոլյարությամբ՝ 1 լ լուծույթում լուծված նյութի մոլերի թիվը
  • նորմալությամբ՝ 1 լ լուծույթում լուծված նյութի գրամ-համարժեքների թիվը
  • մոլալությամբ՝ 1000 գ լուծիչում լուծված նյութի գրամմոլերի թիվը
  • տիտրով՝ 1 մլ լուծույթում եղած գործող կամ որոշվող նյութի գ-ների թիվը։

Գործնականում կոնցենտրացիայի որոշման համար սովորաբար օգտագործում են քանակական վերլուծության մեթոդները, ինչպես նաև որոշ գործիքային մեթոդներ, որոնք հնարավոր են դարձնում արագ և բավարար ճշտությամբ որոշել տվյալ բաղադրամասի պարունակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png