Հագեցած գոլորշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հագեցած գոլորշի, հագեցնող գոլորշի, հեղուկի կամ պինդ մարմնի հետ թերմոդինամիկական հավասարակշռության մեջ գտնվող, քիմիական նույն բաղադրության գոլորշի։ Տվյալ ջերմաստիճանում հագեցած գոլորշու ճնշումն ամենամեծն է։ Հագեցած գոլորշու ճնշումն ու խտությունը մնում են անփոփոխ այն բանի շնորհիվ, որ նյութը մի ագրեգատային վիճակից (ֆազից) անցնում է մյուսին։ Հեղուկի կախված կաթիլներ չպարունակող հագեցած գոլորշի կոչվում է չոր, իսկ պարունակողը՝ խոնավ։ Չոր հագեցած գոլորշու վիճակն անհավասարակշիռ է, քանի որ նրանից ջերմության քանակ խլելու դեպքում այն մասնակիորեն կոնդենսացվում և փոխարկվում է խոնավ գոլորշու, իսկ ջերմության քանակ հաղորդելու դեպքում դառնում է գերտաքացած։ Հագեցած գոլորշու ճնշման ջերմաստիճանից կախման կորը միաժամանակ արտահայտում է հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց հագեցած գոլորշու խտությունն աճում է, իսկ հեղուկինը՝ նվազում։ Հեղուկ-գոլորշի համակարգում հագեցած գոլորշու ճնշումը կախված է ֆազերի բաժանման սահմանային մակերևույթի ձևից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 41