Կոնդենսացիոն էլեկտրակայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Yayva GRES.jpg

Կոնդենսացիոն էլեկտրակայան (ԿԷԿ), ջերմային կամ ատոմային էլեկտրակայան՝ հանդերձված կոնդենսացիոն շոգետուրբիններով։ էլեկտրակայանների ամենատարածված տեսակն է։ ԽՍՀՄ-ում անվանում էին նաև պետական շրջանային էլեկտրակայան (ՊՇԷԿ)։ Աշխատանքի հիմքում ընկած է ջերմային էներգիան մեխանիկականի վերածելու Ռենկինի թերմոդինամիկական ցիկլը։ Շոգեգեներատորում վառելիքի քիմիական կապի էներգիան փոխակերպվում է ջերմայինի և հաղորդվում ջրային գոլորշուն։ Տուրբինում գոլորշու էներգիան վերածվում է հոսքի կինետիկ և ապա լիսեռի պատման մեխանիկական էներգիայի։ էլեկտրագեներատորում այն վերածվում է էլեկտրականի։ Նման ձևով ատոմային ԿԷԿ-ում փոխակերպվում է միջուկային կապի էներգիան, ԿԷԿ-երի աշխատանքի շահավետությունը բնութագրվում է ՕԳԳ-ով (կամ վառելիքի տեսակարար ծախսով), որը, շնորհիվ թարմ գոլորշու բարձր պարամետրի (570°C, 24 ՄՊա և ավելի) և աշխատած գոլորշու խոր ընդարձակման (մինչև 3, 5—5 կՊա), հասնում է 38—44%։ Դրան նպաստում է նաև ջրի ռեգեներատիվ տաքացման և գոլորշու միջանկյալ գերտաքացման կիրառումը։ Ածխով և մազութով աշխատող ԿԷԿ-երը ունեն բարդ վառելիքային տնտեսություն և կառուցվում են արդյունահանման վայրերին մոտ։ Պետք է նախատեսել նաև կոնդենսատորները հովացնող ջրի բավարար հզոր (տասնյակ մ3/վ) աղբյուրի առկայությունը կամ կայանը սարքավորել շրջապտուտային ջրամատակարարման համակարգով։ ԿԷԿ-երի հզորությունը հասնում է 3 ԳՎա, մինչև 5 ԳՎա։ Նրանք հանդերձվում են 300—1200 ՄՎա հզորության տուրբագեներատորներով, որոնք շոգեգեներատորների հետ մեկտեղ կազմում են տեխնոլոգիապես գրեթե միմյանցից անկախ բլոկներ (բլոկային ԿԷԿ)։ ԿԷԿ-երի ընդհանուր շահավետությունը բնութագրվում է տեղակայված 1 կՎա հզորության արժեքով և էլեկտրաէներգիայի ինքնարժեքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png