Կոլտնտեսությունների անբաժանելի ֆոնդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլտնտեսությունների անբաժանելի ֆոնդեր, ԽՍՀՄ կոլտնտեսության հիմնական և շրջանառու արտադրական ու հիմնական ոչ արտադրական ֆոնդերի ամբողջությունը, որը ենթակա չէր բաշխման կոլտնտեսության անդամների միջև և պլանաչափորեն, նպատակային նշանակմամբ օգտագործվում էր ընդլայնված վերարտադրության, կոլտնտեսականների մշակութակենցաղային սպասարկման մակարդակի բարձրացման համար։ Հողի պետական սեփականության հետ կազմում էին կոլտնտեսային կարգի տնտեսական հիմքը։ Նրա ձևավորման և լրացման հիմնական աղբյուրներն էին. կոլտնտեսության դրամական եկամուտներից տարեկան պարտադիր մասհանումները, տնտեսության տարբեր ճյուղերում կոլտնտեսականների անմիջական աշխատանքային ներդրումները, պետությունից անհատույց ստացած միջոցները և այլն։ Կոլտնտեսությունն անբաժանելի ֆոնդի մի մասը կարող էր միավորել այլ կոլտնտեսությունների կամ խորհրդային տնտեսությունների միջոցների հետ՝ միջկոլտնտեսային և պետական կոլտնտեսային միավորումներ ստեղծելու համար։ Նրա մեծությունը և աճը կոլտնտեսությունների հանրային տնտեսության զարգացման կարևորագույն ցուցանիշներն էին։ Ըստ Սովետական հանրագիտարանի, 1977 թվականին, 1940 թվականի համեմատ, ՀԽՍՀ-ի կոլտնտեսությունների անբաժանելի ֆոնդերը ավելացան 11, 4 անգամ և կազմել են 379, 1 միլիոն ԽՍՀՄ ռուբլի։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 519