Ծառայություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կենցաղային սպասարկումից)
Հանձնակատարը ծառայություններ մատուցողի տիպիկ օրինակ է։

Ծառայություններ, օգտակար աշխատանքային գործունեության տեսակներ, անմիջաբար բավարարում են մարդկանց անձնական և հասարակական պահանջմունքները։ Ծառայությունը իրենից ներկայացնում է անշոշափելի և առանց սեփականության պատկանելիության հասկացություն։ Ծառայությունները կարող են արտադրվել ինչպես մարդկանց, այնպես էլ սարքավորումների միջոցով, կարող են ուղղված լինել ինչպես սեփական պահանջմունքների, այնպես էլ կազմակերպության կարիքների բավարարմանը, ունենալ ինչպես առևտրային, այնպես էլ ոչ առևտրային բնույթ, իրականացվեն մասնավոր կամ պետական կազմակերպությունների կողմից։

Ծառայությունները ընդգրկում են՝

  • բնակարանային-կոմունալ տնտեսությունը
  • բնակչության կենցաղսպասարկումը
  • տրանսպորտը (մարդատար)
  • կապը (կազմակերպությունների և բնակչության ոչ արտադրական գործունեության ոլորտը սպասարկող)
  • առողջապահությունը
  • ֆիզիկական կուլտուրան
  • սոցիալական ապահովությունը
  • կրթությունը
  • մշակույթը
  • արվեստը
  • վարկավորումը
  • պետական ապահովագրությունը
  • ոչ արտադրական վարչական կառավարումը և այլն

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայությունների ոլորտում աշխատանքի ներգործության օբյեկտը մարդն է։ Աշխատանքն այստեղ տնտեսական իմաստով չի նյութականացվում։ Ծառայությունների մի մասն աշխատանքի օգտակար հատկության, դրա առանձնահատուկ սպառողական արժեքի գործադրում է՝ մարդկանց այս կամ այն պահանջմունքները բավարարելու համար (արվեստի աշխատողների, դասախոսների, ուսուցիչների, բժիշկների գործունեություն և այլն)։ Որոշ ծառայություններ սպասարկում են նյութական բարիքների բաշխումը, փոխանակությունը և սպառումը կամ հանդես են գալիս հասարակական-քաղաքական ֆունկցիաների ձևով։ Ծառայությունների ոլորտում նույնպես օգտագործվում են նյութատեխնիկական միջոցներ, սակայն արդյունքները չեն ընդունում առարկայական ձև, չեն ստանում իրենց կատարողներից անկախ իրային կեցություն (բացառություն են կազմում գրագրությունները)։ Դրանց կատարումն ու սպառումը տեղի է ունենում միաժամանակ։

Ապրանքա-փողային հարաբերությունների պայմաններում ծառայություններն ընդունում են ապրանքային ձև. վաճառվում են որպես առանձնահատուկ ապրանք։ Դրանք ունեն սպառողական արժեք (երևակայելի և իրական) և փոխանակային արժեք՝ գին։

Ծառայությունները լինում են վճարովի և անվճար։ Դրանց ծավալն արտահայտվում է բնաձևային (սպասարկված մարդկանց թիվը) և դրամական (արժեքային) ցուցանիշներով։ Վճարովի ծառայությունների արժեքային ամփոփ ցուցանիշը իրացված ծառայությունների գների գումարն է, իսկ անվճարինը՝ մատուցված ծառայությունների ինքնարժեքը։

Ծառայությունների դասակարգումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառայությունները դասակարգվում են ըստ հետևյալի՝ սպառողական, գործնական և հասարակական։

Սպառողական ծառայություններին են դասվում՝

  1. սնունդ-սրճարան, ռեստորան, ճաշարան,
  2. կացարան- շինարարություն, վերանորոգում,
  3. սպասարկում- վարսավիրանոց, լվացքատուն և այլն,
  4. հանգիստ- կինոթատրոն, գրադարան, թանգարան և այլն։

Գործնական ծառայություններին են դասվում՝

  1. տեխնիկական-սպասարկում, սարքավորումների վերանորոգում,
  2. ինտելեկտուալ- իրավական, հաշվապահական, գովազդային, կառավարչական,
  3. ֆինանսական- հաշվարկային սպասարկում, վարկավորում, ապահովագրություն։

Հասարակական ծառայություններին են դասվում՝

  1. կրթություն- դպրոցներ, քոլեջներ, համալսարաններ և այլն,
  2. առողջապահություն- պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, հանգստյան տներ և այլն,
  3. անվտանգություն- պաշտպանություն, իրավական պաշտպանություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 117