Կաստրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արական առաձնահատուկ ձայն, որ դիսկանտի մոտ արհեստականորեն ստանում են մինչև ձայնի մուտացիան՝ վիրահատությամբ։ Ձայնը պահպանում է դիսկանտի տեմբրը, սակայն ձեռք է բերում տղամարդկային հզորություն և ուժ։ Բանն այն է, որ մանկական ձայնը՝ դիսկանտը, բավականաչափ բարձր, անգամ կոլորատուրային սոպրանոյի վերին նոտաներին հասնող հնչողական համակարգ ունի։ Որոշակի տարիքում՝ անցման շրջանում, երբ սեռական հասունացման ընթացքում օրգանիզմում հորմոնալ փոփոխություններ են տեղի ունենում, մանկական խռչակը նույնպես զարգացման նոր փուլ է անցնում և ձևափոխության ենթարկվում։ Խռչակի զարգացմանն ու ձևափոխմանը զուգընթաց փոխվում է նաև ձայնը։ Այն կոպտանում է, ծանրանում, դեպի ներքև է իջնում ձայնածավալը, և մանկական հնչողություն ունեցող ձայնը վերածվում է տղամարդկային ձայնի։ Ամորձատված երգիչը կարող էր տարբեր բնույթի ու ձայնածավալի ձայն ունենալ՝ նայած թե ինչ բնույթի և ինչ բարձրության է եղել նրա մանկական ձայնը՝ դիսկանտը։ Բայց, ամեն դեպքում, այդ ձայնը մշտապես բարձր է և իր բնույթով ու ձայնածավալով համապատասխանում է սոպրանոյի ենթատեսակներին։ Հայտնի են դեպքեր, երբ ամորձատված երգիչը կարողացել է մրցել շեփորի բարձր նոտաների և ուժի դեմ (Կառլո Բրոսսկի, Ֆարինելլի )։ Ամորձատված երգիչներն աչքի են ընկել վառ, սուր, ականջ ծակող և միայն գլխային հնչողություն ունեցող ձայնով։ Հայտնի է եղել դեռևս 3-րդ դարից և օգտագործվել է հոգևոր երգեցողության մեջ՝ փոխարինելով եկեղեցական երգեցողության շրջանում արգելված կանացի ձայներին։ Մեծ տարածում է ստացել 17-18-րդ դարերում օպերային արվեստի մեջ, իսկ 19-րդ դարում իսպառ վերացել է։