Կապիտալ ներդրումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապիտալ ներդրումներ, հիմնական ֆոնդերի ստեղծման, ընդլայնման և վերակառուցման նպատակով կատարվող նյութական, աշխատանքային և դրամական ծախսումներ։ Իրականացվում են ազգային եկամտի կուտակման ֆոնդի և լրիվ վերականգնման ամորտիզացիոն հատկացումների հաշվին, պլանավորվում և հաշվարկվում են նախահաշվային գներով։

Կապիտալ ներդրումների արդյունավետությունը մեծապես կախված է նաև կապիտալ ներդրումների ճյուղային և տարածքային կառուցվածքից։ Ճյուղային կառուցվածքը ներդրումների բաշխումն է ազգային տնտեսության ճյուղերի, արտադրական և ոչ արտադրական ոլորտների, արտադրության երկու ստորաբաժանումների, իսկ տարածքային կառուցվածքը՝ երկրի տնտեսական, վարչական շրջանների միջև և դրանց ներսում։ Ֆինանսավորման ձևերից և աղբյուրներից ելնելով՝ տարբերում են՝ պետական բյուջեի, ձեռնարկությունների սեփական միջոցների ու բանկային վարկի հաշվին ֆինանսավորվող կապիտալ ներդրումերը։ Կապիտալ ներդրումների շնորհիվ ապահովվում են տնտեսության արագ զարգացումը և որակական տեղաշարժերը նրա համամասնություններում, տնտեսության բոլոր ճյուղերի տեխնիկական մակարդակի բարձրացումը, արտադրողական ուժերի տեղաբաշխման բարելավումն ու ժողովրդի բարեկեցության բարձրացումը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png