Կանեփնուկ (լատին․՝ Carduelis cannabina), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։ Մարմնի երկարությունը 13,5 սմ է, թևերի բացվածքը՝ 21-25,5 սմ։ Կտուցը մոխրավուն է։ Բնադրման շրջանում հասուն արուի ճակատին և կրծքին կան կարմիր հատվածներ։ Գլուխը բաց մոխրագույն է, մեջքը, թևավերևը՝ դարչնագույն-նարնջագույն։ Էգի փետրածածկն ավելի դարչնագույն ու խայտավոր է, կարմիր հատվածները բացակայում են։
Երիտասարդը վերևից նարնջագույն-դարչնագույն է, ներքևից՝ աղոտ սպիտակ, գլուխը, մեջքը, կուրծքը և մարմնի կողքերը՝ մուգ խայտերով։ Հետբնադրման շրջանում վարքը երամային է։ Գարնանը արուները մեծ «երգչախմբեր» են կազմում արշալույսին։ Ամռանն առանձին անհատներ երգում են՝ թփուտների ծայրերին նստած։ Բնակվում է բաց թփուտային լանջերին և գետաձորերում՝ մինչև ենթալպյան գոտի, չուի ընթացքում՝ եղեգնուտներում, արհեստ, ծառատունկերում։ Սնվում է սերմերով, մանր անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը, հարսանեկան զույգերը և արուների ակտիվ երգը՝ մարտի կեսերից մայիսի վերջ։
Բույնը կառուցում է էգը՝ մարտի վերջից մայիսի ընթացքում (6-8 օր)։ Անբարենպաստ եղանակին կառուցումը ձգձգվում է։ Բույնը գավաթաձև է՝ ցողուններից, փետուրներից, բրդից, մազից, բուսական նրբախավից։
Բնադրում է խիտ թփուտներում։ Ձվերը բներում հայտնվում են մարտի վերջից մինչև հունիսի վերջը։ Դնում է 18 մմ տրամագծով, բաց կապույտ՝ վարդագույն պտերով 4-6 ձու։ Թխսակալում է էգը՝ 13-14 օր։
Ձագերը բներում հայտնվում են մայիսի 2-րդ տասնօրյակին։ Թռիչքին տիրապետող ձագերը գրանցվում են մայիսի 2-րդ տասնօրյակից մինչև հուլիսի սկիզբը։ Ձագերը հաճախ օձերի զոհ են դառնում։ Աշնանային երամները ձևավորվում են հուլիսի վերջից հոկտեմբեր։ Աշնանը խառը երամներում (200-300 թռչուն) մոլախոտերի և այլ բույսերի սերմեր են հավաքում հնձած դաշտերում։ Աշնանային չուն՝ մինչև նոյեմբերի առաջին օրերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։