Գավրիլ Կամոև
Գավրիլ Կամոև | |
---|---|
փետրվարի 1, 1910 - մարտի 18, 1960 (50 տարեկան) | |
Ծննդավայր | Բաթում, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1950) և Կ․ Ե․ Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիա (1955) |
Պարգևներ |
Գավրիլ (Գաբրիել) Ստեփանի Կամոև (փետրվարի 1, 1910, Բաթում, Ռուսական կայսրություն - մարտի 18, 1960, Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), հրետանու հայազգի գեներալ-մայոր (1958), ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։ 1922 թվականին կամավոր մտել է կարմիր բանակի շարքերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ցարական բանակում (Բաթումի մարզում) ծառայած գնդապետի ընտանիքում։ 1922 թվականին կամավոր մտնել է կարմիր բանակի շարքերը որպես երաժշտական խմբի սան։ Սակայն շուտով հետագա ծառայությունը շարունակելու համար տեղափոխվել է Երևանի Մյասնիկյանի անվան միացյալ զինվորական դպրոց[1]։
1926 թվականին, պարտադիր ծառայության ժամկետն ավարտվելուց հետո, մնացել է գերաժամկետ ծառայության։ 1927 թվականին ուսման է ուղարկվել Մոսկվայի միջին հրամանատարական կազմի ռազմահրետանային դպրոցը, որն ավարտել է 1931 թվականին և նշանակվել 74-րդ հրետանային գնդի դասակի հրամատար[1]։
1934 թվականին Կամոևն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական կենտրոնական ինստիտուտի ռազմական ֆակուլտետը։ Նրան նշանակել են Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի 74-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ։ 1936 թվականին նա ստանում է ավագ լեյտենանտի զինվորական կոչում[1]։
1938 թվականին Կամոևը վաղաժամկետ ստանում է կապիտանի կոչում և նշանակվում հրետանային դիվիզիոնի հրամանատարի պաշտոնում։ Շուտով նա դառնում է 182-րդ հրետանային գնդի շտաբի պետ[1]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբում եղել է 22-րդ հրաձգային դիվիզիայի 157-րդ հրետանային գնդի հրամանատարը։ Նրա կազմում Կամոևը մասնակցել է խորհրդա-գերմանական ճակատի տարբեր հատվածներում տեղի ունեցած մարտերին։ 1943 թվականից՝ 39-րդ խաղաղօվկիանոսյան հրաձգային դիվիզիայի հրետանու հրամանատարի տեղակալ։ Վերջին մարտերը նա անցկացրել է հրամանատարի պաշտոնում[1]։
1947 թվականին ստացել է գնդապետի զինվորական կոչում։ 1950 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան, իսկ 1955 թվականին՝ ոսկե մեդալով ԽՍՀՄ գլխավոր շտաբի Վորոշիլովի անվան ռազմական ակադեմիան[1]։
Հետպատերազմյան տարիներին վարել է պատասխանատու պաշտոններ. 1955-1958 թվականներին եղել է ռազմական օկրուգի հրետանու շտաբի պետ։ 1958 թվականին Գավրիլ Կամոևին շնորհվել է հրետանու գեներալ-մայորի զինվորական կոչում։ Կյանքի վերջին երկու տարիներին Կամոևը եղել է ռազմական օկրուգի հրետանու և հրթիռային զորքերի հրամանատար։ Ութ տարի նա եղել է հրետանային միավորման հրամանատար[1]։
Մահացել է 1960 թվականի մարտի 18-ին[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Լենինի, երեք անգամ` Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 208)։ |
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Մարտի 18 մահեր
- 1960 մահեր
- Բաթում քաղաքում ծնվածներ
- Քիշնև քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- ԽՍՀՄ ԶՈՒ հայ գեներալ-մայորներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ