Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 23, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Դորոթի Դին (անգլ.՝ Dorothy Dene, բեմական անուն, որով լայն ճանաչման է հասել Ադա Էլիս Պուլենը), բրիտանացի բնորդուհի, որը կեցվածք է ընդունել շատ նկարիչների և լուսանկարչական արվեստի բազմաթիվ խոշոր ներկայացուցիչների համար, ինչպես նաև հայտնի է որպես դրամատիկական թատրոնի դերասանուհի։ Երիտասարդ տարիներին կեցվածք է ընդունել Ֆրեդերիկ Լեյթոնի, Էդվարդ Կոլի Բյորն Ջոնսի, Լուիզա Սթար Կանցիանիի, Ջորջ Ֆրեդերիկ Ուոթսի, Ջոն Էվերեթ Միլլեի, Վալենտին Պրինսեպի, Հերբերտ Գուստավ Շմալցի, Հենրի Հոլիդեյի համար։ Երկար ժամանակ մոտ հարաբերություններ է ունեցել խոշոր ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ։ Ըստ արվեստաբանների ենթադրության՝ Դորոթի Դինը Ջորջ Բեռնարդ Շոուի «Պիգմալիոն» պիեսի կերպար Էլիզա Դուլիթլի նախատիպն է ծառայել։ Մեծ Բրիտանիայի պետական գեղարվեստական հավաքածուի ֆոնդապահ Ֆիլիպ Մարտինը հաստատել է, որ Դորոթին ունեցել է յուրօրինակ կարգավիճակ՝ միակը լինելով, որն ուներ «Վիկտորյական դարաշրջանի հայտնի մերկ մոդել» ճանաչումը։

Դորոթի Դինի ճակատագիրը հետաքրքրություն է առաջ բերել մի շարք խոշոր հրատարակչություններում, նրան է նվիրված 2001 թվականին Մեծ Բրիտանիայում լույս տեսած տեղեկագրքի մեծ բաժին, որը պարունակել է մոդելների կենսագրություններ։ Բնորդուհու և բրիտանացի ակադեմիստ նկարիչ Ֆրեդերիկ Լեյթոնի հետ փոխհարաբերություններին են նվիրված նկարչի կենսագրության նշանակալի բաժիններ։ Դորոթի Դինը դարձել է նիդերլանդացի գրող Աննա Ա. Ռոսի «Փոխնակ» վեպի գլխավոր հերոսուհին, գիրքը լույս է ընծայել Studio WoordenStorm հրատարակչությունը 2018 թվականին։ 2019 թվականին հրատարակվել է իսրայելցի լրագրողներ Էյլաթ Նեգևի և Յեհուդա Կորենի «Գեր Դինը» գիրքը, որը նվիրված է դերասանուհի մոդելին։ Հեղինակները ներկայացրել են գիրքը Օքսֆորդի գրական փառատոնում։ Այն պատմում է Ֆրեդերիկ Լեյթոնի և նրա մոդելի հարաբերությունների մասին, ամուսնության հանդեպ նկարչի հայացքների և նրա ենթադրվող սեռական կողմնորոշման վերաբերյալ, ինչպես նաև դերասանուհու անհայտ հանգամանքներում մահվան մասին... Ավելին