Խլություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խլություն
Դասակարգում և լրացուցիչ տվյալներ

Խլության միջազգային խորհրդանիշը
ՀՄԴ-10 H90-H91
ՀՄԴ-9 389
Հիվանդությունների բազա 13233
MedlinePlus 003044
eMedicine հոդված/994159
MeSH D034381

Խլություն, լսողության լրիվ բացակայություն կամ այն աստիճանի թուլություն, որի դեպքում խոսքի ընտրողական ընկալումը դառնում է անհնար։

Լրիվ խլությունը լինում է հազվադեպ։ Խուլերի մեծամասնության մոտ պահպանվում են լսողության հետքերը, որի շնորհիվ կարողանում են լսել շատ բարձր ձայներ, իսկ երբեմն որոշ ծանոթ բառեր։ Հիմնական պատճառները ներքին ականջի և լսողական նյարդի ախտաբանական պրոցեսներն են, որոնք հետևանք են վարակիչ մի շարք հիվանդությունների (ցերեբրոսպինալ մենինգիտ, գրիպ, խոզուկ, կարմրուկ, քութեշ)։ Որոշ դեպքերում խլությունը կարող է հանգեցնել լսողության զարգացող անկման (օտոսկլերոզի դեպքում)։ Երբեմն առաջանում է ուժեղ աղմուկի և ցնցումների երկարատև ազդեցությունից, որոշ նյութերով (մկնդեղ, սնդիկ, կապար) թունավորվելիս։ Խլությունը կարող է լինել նաև բնածին, որն առաջանում է ժառանգական գործոնների կամ զարգացող պտղի վրա վարակի ազդեցությունից և մոր օրգանիզմի թունավորումից։

Բնածին և վաղ մանկական տարիքում ձեռք բերած խլությունը երեխային զրկում է խոսքին ինքնուրույն տիրապետելու հնարավորությունից (խուլհամրություն)։ Ավելի ուշ տարիքում առաջացած խլության դեպքում փոխվում են ձայնի ելևէջները (մոդուլացիա), առաջանում են արտասանության արատներ, սակայն ամբողջական խոսքը չի տուժում։ Շրջապատի մարդկանց հետ խոսքային հաղորդակցությունը որոշ չափով թեթևանում է խոսքի տեսողական ընկալման հմտության տիրապետման (շրթունքների շարժումները, կարդալը), իսկ լսողության հետքերի առկայության դեպքում՝ ձայնաուժեղացուցիչ հատուկ սարքերի օգտագործման շնորհիվ։

Բուժումը քիչ արդյունավետ է։ Բորբոքային պրոցեսների և օտոսկլերոզի դեպքում լսողության լավացումը երբեմն հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ։ Կանխարգելում՝ լսողության կայուն խանգարումներ առաջացնող հիվանդությունների ժամանակին բուժում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png