Լոգանքի գել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոգանքի գելեր

Լոգանքի գել կամ մարմնի գել, մարմնի լվացման հեղուկ միջոցներին տրվող ընդհանուր անվանում։ Առևտրային անվանումով շատ գելեր չեն պարունակում տեխնիկական իմաստով օճառ, չնայած առօրյայում դրանց հաճախ օճառ են անվանում։ Լոգանքի գելը իրենից ներկայացնում է ջրի էմուլսիա և նավթից ստացված լվացող միջոց՝ բուրավետիչի հավելմամբ, որն օգտագործվում է որպես մաշկի մաքրող միջոց։ Լոգանքի գելը առավելություններ ունի օճառի համեմատ, քանի որ ավելի քիչ է գրգռում մաշկը, կոշտ ջրի դեպքում ավելի լավ է լվանում և օգտագործումից հետո հետքեր չի թողնում մաշկի վրա կամ լոգարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոգանքի գելերը հայտնվել են 1970-ական թվականներին, սրա նախնին է համարվում հեղուկ օճառը[1]:.

Հատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոգանքի գել THANN

Առկա են տարբեր գույների և բույրերի լոգանքի գելեր։ Շուկայում առկա բոլոր գելերը գործնականում համապատասխանում են մաշկի pHին։ Որոշ գելերի բաղադրության մեջ առկա են դեղաբույսերի թուրմեր, իսկ որոշ արտադրողներ հավաստիացնում են, որ իրենց լոգանքի գելերը կարող են օգտագործվել արոմաթերապիայի մեջ։ Տղամարդկանց լոգանքի գելերը իրենց բաղադրության մեջ կարող են ունենալ մենթոլ, որը մաշկին տալիս է խթանող և սառեցնող հատկություն։ Տղամարդկանց համար նախատեսված շատ գելեր հատուկ ստեղծված են նաև որպես շամպուններ՝ այդ կերպ դառնալով առավել կիրառելի։ Լոգանքի գելերի բաղադրության մեջ ավելի շատ են առկա փափկեցնող բաղադրատարրեր, քան շամպունի մեջ՝ այս կերպ առավել հարմարեցված լինելով մարմնի рН-ին, ինչպես նաև՝ սրանց մեծամասնության մեջ առկա են նուրբ կոնդիցիոներային բանաձևեր։ Սա նշանակում է, որ գելը կարելի է օգտագործել նաև իբրև շամպունի փոխարինիչ, անգամ եթե արտադրողը այդ մասին չի նշել։ Գելով մազերի լվացումը մոտավորապես կարող է տալ նույն արդյունքը, ինչ փափկեցնող շամպունը։ Գելի բաղադրության մեջ մտնում են նաև կոնսերվանտներ, որոնք անհրաժեշտ են որակային հատկանիշների երկարատև պահպանման համար։ Որպես կոնսերվանտներ կիրառվում են պարաբենները, բենզոատները և բնական յուղերը, որոնք ունեն հականեխիչ հատկություն[2]։

Մարկետինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գելերի բազմաթիվ տեսակներ վաճառվում են հենց երեխաների համար՝ որպես լոգանքի փրփուր։ Նրանք հաճախ ունենում են «մանկական բույրեր», ինչպես մրգային բույրերը, թխվածքաբլիթի և քաղցր բամբակի բույրերը։ Բազմաթիվ արտադրողների սրվակների վրա պատկերված են հայտնի մանկական ֆիլմերի կամ հեռուստահաղորդումների կերպարներ։ Ինչպես և տղամարդկանց համար նախատեսված գելերի դեպքում, սրանք հաճախ մշակված են նաև որպես շամպուն և կոնդիցիոներ։ Ինչպես նաև՝ նրանք հաճախ պարունակում են նուրբ բաղադրատարրեր՝ նախատեսված նուրբ մաշկի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օճառային օպերա․ շամպունների և գելերի պատմություն. myjane.ru
  2. «Լոգանքի գելի բաղադրությունը․ վնասակար և օգտակար բաղադրիչներ». ЧистоДар (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]