Թռիչք կկվի բնի վրայով
| Թռիչք կկվի բնի վրայով One Flew Over the Cuckoo's Nest |
|
| Ժանր | դրամա |
|---|---|
| Երկիր | ԱՄՆ |
| Թվական | 1975 |
| Լեզու | անգլերեն |
| Ռեժիսոր | Միլոշ Ֆորման |
| Պրոդյուսեր | Մայքլ Դուգլաս Սաուլ Զեյնց |
| Սցենարիստ(ներ) | Լոուրենս Հաբեն Բո Գոլդման |
| Դերակատարներ | Ջեք Նիկոլսոն Քրիստոֆեր Լլոյդ |
| Օպերատոր | Հասկել Ուեկսլեր |
| Երաժշտություն | Ջեք Նիցշե |
| Ընկերություն | Fantasy Films United Artists |
| Տևողություն | 133 րոպե |
| Բյուջե | 3 միլոն դոլլար |
| Շահույթ | 109 միլիոն դոլլար |
| IMDb | ID 0073486 |
«Թռիչք կկվի բնի վրայով» (անգլերեն One Flew Over the Cuckoo's Nest), 1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած գեղարվեստական ֆիլմ, նկարահանված Կեն Կիզի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմի պրեմիերան կայացել է Չիկագոյի կինոփառատոնում 1975 թվականի նոյեմբերի 19-ին:
Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի` «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 <մեծ Օսկարի> (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի անվանակարգերում): Նման ցուցանիշ ֆիլմը կրկնել է նաև Ոսկե Գլոբուս մրցանակների արժանանալով, ինչը միակն է այդ մրցանակի պատմության մեջ:
Ֆիլմը գրեթե ամբողջապես (չհաշված մի քանի տեսարան) նկարահանվել է Օրեգոն նահանգի հոգեբուժարաններից մեկում: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ինչպես կինովարձույթում, այնպես էլ կինոքննադատների շրջանում, մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային կինոյի վրա, ստացել է բազմաթիվ մրցանակներ: Շատ տպավորիչ են ճիշտ ընտրված դերասանների վարպետորեն կերտած հերոսները, նրանց խաղը և ռեժիսորական բարձրակարգ ձեռագիրը ֆիլմի անսպասելի ավարտով, այս ամենի արդյունքում ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է իրական հոգեբուժարանի շատ ազդեցիկ տպավորություն:
«Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը դասվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին:
Բովանդակություն |
Սյուժեն [խմբագրել]
Ֆիլմը բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ ՄակՄերֆիի մասին է, (ում վարպետորեն մարմնավորել է Ջեք Նիկոլսոնը), ով ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնների դեմ և ցանկանում է այսպես ասած «հեղափոխություն» մտցնել հիվանդների կյանքում: Մի քանի անգամ փախուստի դիմելով` ՄակՄերֆին պարզում է, որ հիվանդների մեծ մասը ինքնակամ են եկել հոգեբուժարան` բուժվելու, ինչը խիստ զարմացնում է կրակոտ բնավորություն ունեցող ու կենսախինդ նախկին բանտարկյալին:
ՄակՄերֆին փոխում է հիվանդների ռեժիմը` նրանց հետ միասին տարբեր ազարտային խաղեր խաղալով և հեռուստացույց դիտելով: Մեկ անգամ նույնիսկ, հիվանդներից մի քանիսի հետ փախչելով, մեկնում է ձկնորսության` անընդհատ խնդիրներ ունենալով Ռետչեդի և հիվանդանոցի հսկիչ-սանիտարների հետ:
Նա ընկերանում է հիվանդանոցի` հսկա մարմնով, խուլ ձևացող, «առաջնորդ» մականունով հիվանդի հետ և ծրագրում փախուստ կազմակերպել նրա հետ: Փախուստի գիշերը ՄակՄերֆին, կաշառելով օրվա հսկիչին, երեկույթ է կազմակերպում հիվանդների համար` հիվանդանոց բերելով ալկոհոլային խմիչք և իր ընկերուհիներին: Սակայն ալոկոհոլի ազդեցության տակ ՄակՄերֆին և մյուս հիվանդները չեն կարողանում շուտ արթնանալ և փախուստը չի հաջողվում ...
Դերասանները [խմբագրել]
| դերասան | հերոս |
|---|---|
| Ջեք Նիկոլսոն | Ռենդլ Պատրիկ ՄակՄերֆի |
| Լուիզա Ֆլեթչեր | բուժքույր Միլտրեդ Ռետչեդ |
| Ուիլյամ Ռեդֆիլդ | Դեյլ Հարդինգ |
| Ուիլ Սիմփսոն | «առաջնորդ» Բրոմդեն |
| Բրեդ Դուրիֆ | Բիլլի Բաբբիտ |
| Սիդնի Լեսվիկ | Չառլի Չեսվիկ |
| Դենի Դե Վիտո | Մարտինի |
| Քրիստոֆեր Լլոյդ | Մաքս Թեյբեր |
| Դին Ռ. Բրուքս | բժիշկ Ջոն Սպիվի |
| Ուիլյամ Դուել | Ջիմ Սիֆելտ |
| Վինսենթ Սկյավելլի | Ֆրեդրիկսեն |
| Դելոս Բ. Սմիթ | Սկենլոն |
| Մայքլ Բերրիման | Էլլիս |
| Նեյթան Ջորջ | սանիտար Վաշինգտոն |
| Միմի Սարկիսյան | բուժքույր Բիլբոու |
| Սկետմեն Կրոտերս | Թյորքլ |
| Իոսիպ Էլիկ | Բանչինի |
Մրցանակներ և վարկանիշային ցանկեր [խմբագրել]
Ընդհանուր առմամբ ֆիլմը ստացել է 29 կինոմրցանակ և ներկայացված է եղել ևս 11 մրցանակների, որոնցից են.
- Օսկար- 9 անվանակարգերում, ստացել 5
- Լավագույն ֆիլմ - Մայքլ Դուգլաս, Սաուլ Զեյնց
- Լավագույն դերասան - Ջեք Նիկոլսոն
- Լավագույն դերասանուհի - Լուիզա Ֆլեթչեր
- Լավագույն սցենար - Լոուրենս Հաուբեն, Բո Գոլդման
- Ոսկե Գլոբուս - ներկայացվել և ստացել է 6 անվանակարգերում
- BAFTA - ներկայացվել է 11 անվանակարգերում, ստացել 6
- ստացել է նաև Սեզար, Գրեմմի
- Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված տարբեր ցուցակներում ֆիլմը գրավում է.
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկ - 1997 թվականին 20-րդ, իսկ 2006 թվականին 33-րդ
- Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկ - բուժքույր Ռետչեդ 5-րդ տեղ որպես բացասական հերոս
- Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 17-րդն է:
- 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում ֆիլմը 8-րդն է (2011 թվականի օգոստոսի 4-ի դրությամբ)
Հետաքրքիր փաստեր ֆիլմի մասին [խմբագրել]
- Հոլիվուդյան դերասաններ Դենի Դե Վիտոյի, Վինսենթ Սկյավելլիի, Բրեդ Դուրիֆի և Քրիստոֆեր Լլոյդի համար այս ֆիլմը նորամուտային էր, ինչը և դարձավ նրանց համար շատ հաջողակ գործոն իրենց հետագա ֆիլմերի համար, իսկ Ջեք Նիկոլսոնը, ով մինչ այս 4 անգամ արդեն ներկայացվել էր Օսկարի, հենց ՄակՄերֆիի դերի համար ստացավ իր առաջին Օսկարը:
- Գլխավոր դերի համար բացի Ջեք Նիկոլսոնից քննարկվել են նաև Մառլոն Բրանդոյի, Ջեյմս Կանի, Ջին Հեքմենի և Բերտ Ռեյնոլդսի թեկնածությունները:
- բուժքույր Ռետչեդի դերի համար սկզբում քննարկվում էին Ջերալդինա Պեյջի, Էնն Բաքրոֆթի և Էլլեն Բերստինի թեկնածությունները, սակայն նկարահումներից ընդամենը մեկ շաբաթ անց դերը բաժին հասավ Լուիզա Ֆլեթչերին, ում համար դերը դարձավ աստղային և նրա խաղացած բոլոր դերերից ամենանշանավորը:
- Ֆիլմի էկրանավորման արտոնագիրը դեռ 1962 թվականից պատկանում էր Քըրք Դուգլասին, սակայն նախագիծը սկսում է նրա որդին` Մայքլ Դուգլասը, իսկ Քըրք Դուգլասը, այնուամենայնիվ, ֆիլմի շահույթից ստանում է տոկոսներ: Նա նաև ցանկանում էր դեր ունենալ ֆիլմում, սակայն տարիքի պատճառով դա նրան չի հաջողվում:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Թռիչք կկվի բնի վրայով(անգ.) ֆիլմը Internet Movie Database կայքում:
- «Թռիչք կկվի բնի վրայով»(ռուս.) ֆիլմը «KinoPoisk» կայքում:
- «Թռիչք կկվի բնի վրայով»(անգ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Թռիչք կկվի բնի վրայով»(անգ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Թռիչք կկվի բնի վրայով(անգ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում: