Ընտրասերման կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընտրասերման կենտրոն, հաստատություն, որտեղ զբաղվում են գենետիկայի և տեսական ընտրասերման նվաճումների գործնական ներդրմամբ և մշակաբույսերի բարձր արդյունավետ սորտերի, հիբրիդների, նաև՝ գյուղատնտեսական կենդանիների ցեղերի, տիպերի և գծերի ստացման ու եղածների կատարելագործման գործընթացերի կառավարմամբ։

Կենտրոնի կառուցվածք և գործառույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անասնաբուծության ընտրասերման կենտրոնը ներառում է ընտրասերման ու գենետիկայի բաժինները (գոյություն ունեցող ցեղերի կատարելագործման, նոր գենոտիպերի ստացման և հիբրիդացման ենթաբաժիններով), կենդանիների գնահատման, իմունոգենետիկայի, պոպուլյացիայի գենետիկայի, մթերքների որակի, բուծման և արհեստական սերմնավորման, տեղեկությունների վերլուծության և այլն բաժիններ։

Ընտրասերման կենտրոնն ունի համակարգչային կենտրոն, որտեղ հավաքում, մշակում և վերլուծում են ցեղերի ընտրասերումնագենային տեղեկությունները։ Ընտրասերման կենտրոնի արտադրող բազան ներառում է արու արտադրողների բուծման և գնահատման մասնագիտացված տնտեսությունները, սերմնահեղուկի պահպանմամբ արհեստական սերմնավորման, փորձարկման կայանները, մթերքների որակի ուսումնասիրման լաբորատորիան և այլ օբյեկտներ։ Ընտրասերման կենտրոններում մշակվում են տոհմային աշխատանքների կարևորագույն հարցերի հանձնարարականներ. կազմվում են երկարաժամկետ ընտրասերումնավետ պլաններ, համեմատական ցեղափորձնական ծրագրեր, ճշտվում են ցեղերի տարածման արեալները, կազմակերպվում են նշանավոր արտադրող-բարելավողների արդյունավետ օգտագործումը, ուսումնասիրվում են տարբեր ցեղերի համաշխարհային և տեղական գենոտիպային պաշարները, կազմվում և իրացվում են դրանց ճիշտ օգտագործման ծրագրեր, ներդրվում են ընտրասերման նոր եղանակներ՝ հաշվի առնելով կենդանիների հարմարվողականությունն արտադրող տեխնոլոգիայի պայմաններին, հիվանդադիմացկունությանը, անասնաբուծության մթերքների որակական հատկանիշներին և այլն։

Բուսաբուծության ընտրասերման կենտրոններ ստեղծվում են տարբեր հողակլիմայական պայմաններում ընտրասերումնաբան-սերմնաբուծական աշխատանքները բարելավելու համար։ Այդտեղ ստացվում են մշակաբույսերի արժեքավոր հատկանիշներով բարձր բերքատու սորտեր, որոնք պիտանի են ինտենսիվ տեխնոլոգիաներով մշակելու համար և ապահովում են արտադրանքի անհրաժեշտ որակ, մշակվում և ներդրվում են նոր ընտրասերման եղանակներ, կատարելագործվում են ընտրասերումնային շարժընթացների տեխնոլոգիան, իրացնում են մշակաբույսերի ընտրասերման երկարաժամկետ ծրագրեր։ Ընտրասերման կենտրոններն ունեն նորագույն սարքավորումներով հանդերձված լաբորատորիաներ, սառնարաններ, ջերմատներ, հաշվողական կենտրոններ և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։