Ընդելուզում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդելուզում, ինկրուստացիա (լատին․՝ incrustatio, cincrusto – ծածկել շերտով, կեղևով, մակազարդել մարմարով), տարբեր գույնի մարմարի կտորներով, խեցեղենով, փայտով, գաղտազուրով (սադափ) և այլնով առարկաների և շենքերի (ճակատը և ինտերիերը) մակերեսի փորվածքներում տեղադրելով զարդարելու տեսակ։ Սակայն զարդարվող օբյեկտը և ընդելուզող նյութը իրենց հատկություններով հաճախ տարբեր են լինում։ Հին Արևելքի և անտիկ արվեստի քանդակագործությունում ընդելուզվել են արձանների և կիսանդրիների աչքերը։ Հայաստանում ընդելուզումը հայտնի է եղել դեռ բրոնզի դարում։ Հետագայում (ընդհուպ մինչև XIX դ. սկիզբը) այն զարգացել է ի հաշիվ նոր նյութերի ու ձևերի առաջացման։ Ընդելուզվել են կառքերը, կահ–կարասիները, գեղարվեստական իրերը, զենքերը, երաժշտական գործիքները, դռները և այլն։ Ժամանակակից հավաքովի շինարարությունում ընդելուզումը կիրառվում է պանելների մակերեսը մանրատված խեցեղենով կամ այլ նյութերով պատելու նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 104
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընդելուզում» հոդվածին։