Զաֆրանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Զաֆրանի», դեղձենու սորտախումբ։ Մշակված են Զաֆրանի վաղահաս (Շուտհասուկ), Զաֆրանի միջահաս և Զաֆրանի ուշահաս սորտեր, բայց արտադրության մեջ հիմնականում մշակվում են ուշահաս և Զաֆրանի միջահաս սորտերը, որոնց պտուղներն աչքի են ընկնում ավելի բարձր որակով։

«Զաֆրանի դեղին», ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։ Տարածված է ամենուրեք՝ բացառությամբ ՀՀ Մեղրու տարածաշրջանի։ Ծառն ուժեղաճ է, կլորավուն սաղարթով։ Պտղաբերում է տնկման 3-րդ տարում։ Պտուղը խոշոր կամ միջին մեծության (140–200 գ) է, մեծմասամբ ձվաձև, հանդիպում են նաև գնդաձև պտուղներով կլոններ, կարով բաժանվում են 2 հավասար մասերի։ Մաշկը՝ թավշանման, թավոտ, ամուր, հաստ, պտղամսից չանջատվող, միապաղաղ, ոսկեզօծ-դեղին։ Պտղամիսը՝ միագույն ոսկեդեղին, կորիզի շուրջը կարմրություն չունի (որը շատ կարևոր է բարձրորակ կոմպոտներ պատրաստելու համար), ամուր, կռճիկային, միջակ հյութալի, ոչ շատ քաղցր, թույլ թթվությամբ, հաճելի բուրմունքով և համով։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղների հասունացումը՝ սեպտեմբերի 2-րդ կեսին։ Բերքատվությունը՝ 250–300 ց/հա և ավելի։ Համեմատաբար թույլ է վնասվում դեղձենու ալրացողով։ «Զաֆրանի միջահաս», ստեղծվել է ժողողովրդական ընտրասերման ճանապարհով։ Տարածված է ՀՀ դեղձենու մշակության բոլոր գոտիներում։ Ծառը՝ միջին աճելության, մատղաշ հասակում՝ ձգված-բրգաձև, իսկ հասակային 3-րդ շրջանում՝ փռված սաղարթով։ Պտղաբերում է տնկման 3–4-րդ տարում։ Պտուղը՝ խոշոր (մինչև 200 գ, միջինը՝ 150 գ), էլիպսաձև, սրված գագաթով։ Հիմքը՝ սեղմված, գագաթը՝ նեղ և խորը, պտղակարը՝ թույլ արտահայտված։ Մաշկը՝ միջին հաստության, նարնջադեղնավուն է, մասով՝ շերտավոր կարմրությամբ, թավոտ։ Պտղամիսը՝ նարնջագույն, կորիզի մոտ՝ ուժեղ գունավորված, ամուր, կռճիկային, միջին հյութալիությամբ, քաղցր, զգալի թթվությամբ, թեթևակի տտիպ, ուժեղ բուրմունքով, կորիզից չանջատվող։ Տեղ. սորտերի մեջ ամենացրտադիմացկունն է, դիմանում է մինչև –30 °C կարճատև ցրտերին, ուշ է ծաղկում։ Պտուղների հասունացումը՝ սեպտեմբերի 15–25-ը։ Բերքատվությունը՝ 300 ց/հա և ավելի։ Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (հիմնականում կոմպոտ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։