Դեմքի «մահվան եռանկյուն»

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմքի «մահվան եռանկյուն»
Տեսականատոմիական կառուցվածք

Դեմքի «մահվան եռանկյուն», բերանի անկյուններից մինչև քթարմատ ձգվող դեմքի հատված, որն ընդգրկում է նաև քիթը և վերին ծնոտը[1][2]։

Վերին ծնոտի երկու այտաշրթունքային ծալքերի միջև եղած տարածությունը անվանում են «մահվան եռանկյուն», քանի որ այս շրջանը ստանում է առատ արյունամատակարարում և երակային անոթները լայնորեն կապված են ներգանգային երակածոցերի հետ[3]։

Մարդու քթի և շրջակա տարածքի արյան մատակարարման հատուկ բնույթի պատճառով հնարավոր է, թեև չափազանց քիչ հավանական է, որ քթի հատվածից հետադիմական վարակը տարածվի դեպի ուղեղ՝ առաջացնելով խորշիկավոր երակածոցի թրոմբոզ, մենինգիտ կամ ուղեղի թարախակույտ։

Սա հնարավոր է դիմային երակի և խորշիկավոր երակածոցի միջև երակային հաղորդակցությամբ։ Խորշիկավոր երակածոցը գտնվում է գանգուղեղի խոռոչում՝ ուղեղի թաղանթների շերտերի միջև և ուղեղից երակային արտահոսքի հիմնական խողովակն է[4]։ Չնայած այս համեմատաբար հավանական անատոմիական փաստարկին, միայն դեմքի ծանր վարակները (օրինակ՝ քթի թարախակույտը) կարող են հանգեցնել կենտրոնական նյարդային համակարգի խորը վարակային բարդությունների։

Պարզվել է, որ ակնային և դիմային երակներն ունեն փականներ։ Այսպիսով, դեմքից վարակի տարածման համար կարևոր է ոչ թե երակային փականների բացակայությունը, այլ դիմային երակի և խորշիկավոր երակածոցի միջև կապի առկայությունը, արյան հոսքի ուղղությունը։ Մարդկանց մեծ մասը, բայց ոչ բոլորը, դեմքի այդ երակներում ունեն փականներ[5]։

Այս շրջանի և խորշիկավոր երակածոցի թրոմբոզի ռիսկի միջև կապը նկարագրվել էր դեռևս 1852 թվականին[5]։ 1937 թվականին ուսումնասիրություններից մեկը ցույց էր տվել, որ թրոմբոզի դեպքերի 61%-ը դեմքի վերին հատվածի ֆուրունկուլների հետևանք է[6]։ Չնայած հակաբիոտիկների հայտնվելու հետ մեկտեղ հիվանդությունը չափազանց հազվադեպ է դարձել, բայց հավանականություն դեռ կա մահվան բարձր ռիսկի զարգացման[7][8]։

Խորշիկավոր երակածոցի վարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորշիկավոր երակածոցը (լատին․՝ sinus cavernosus) գտնվում է միջին գանգափոսում և գործնական տեսանկյունից կարևոր երակածոց է։ Զույգ երակածոց է, որը տեղադրված է թրքական թամբի երկու կողմերում։ Աջ և ձախ երակածոցերը միմյանց հետ կապվում են միջխորշիկային երակածոցերի(sinus intercavernosus) միջոցով։ Արդյունքում առաջանում է շրջանաձև երակածոց (sinus circularis): Խորշիկավոր երակածոցը արյուն է հավաքում գանգի առաջային բաժիններից[9]։ Այտային շրջանում դիմային զարկերակին ուղեկցում է համանուն երակը (v. facialis), որը շարունակվում է ներքև և մասնակցում է ընդհանուր դիմային երակի (v. facialis communis) կազմավորմանը։ Այն սկիզբ է առնում անկյունային երակից (v. angularis), որն իր հերթին բերանակցվում է քթաճակատային երակի (v. nasofrontalis) հետ։ Քթաճակատային երակից երակային արյունը վերին ակնային երակի (v. ophthalmica superor) միջոցով թափվում է ակնային երակի մեջ (v. ophthalmica), որտեղից երակային արյունը հոսում է դեպի խորշիկավոր երակածոց (sinus cavernosus): Այսպիսով, բերանի անկյունից վեր ենթամաշկային երակները կապված են խորշիկավոր երակածոցի հետ, որի պատճառով ինֆեկցիան ռետրոգրադ ճանապարհով կարող է ներթափանցել դեպի խորշիկավոր երակածոց, եթե կա դիմային երակի թրոմբոզ։

Եթե խորշիկավոր երակածոցը վարակված է,ապա կարող է հանգեցնել երակածոցում արյան մակարդման, ինչը հանգեցնում է թրոմբոզի։ Սա ազդում է այն կառույցների վրա, որոնք անցնում են կամ շրջապատում են այն։ Նյարդերից յուրաքանչյուրի վնասումը դրսևորվում է որոշ մկանների, գեղձի կամ պարասիմպաթիկ նյարդավորման ֆունկցիայի կորստով։ Բացի այդ, հնարավոր է, որ խորշիկավոր երակածոցի բորբոքումը հանգեցնի տեսողական խնդիրների։ Բուժումն իրականացվում է հակաբիոտիկներով և ֆիբրինոլիտիկներով, հակամակարդիչներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hom, Milton M.; Bielory, Leonard (2013 թ․ հունվարի 1). «The anatomical and functional relationship between allergic conjunctivitis and allergic rhinitis». Allergy & Rhinology. 4 (3): 110–119. doi:10.2500/ar.2013.4.0067. PMC 3911799. PMID 24498515.
  2. Hollinshead WH (1968). Anatomy for Surgeons: Volume 1 The Head and Neck. New York: Harper & Row. ISBN 9780061412646.
  3. «Տոպոգրաֆիկ անատոմիա և օպերատիվ վիրաբուժություն» (PDF).
  4. Osborn AG (Jan 1981). «Craniofacial Venous Plexuses: Angiographic Study». American Journal of Roentgenology. 136 (1): 139–143. doi:10.2214/ajr.136.1.139. PMID 6779561.
  5. 5,0 5,1 Ludlow H (Oct 1852). «On carbuncular inflammation of lips and other parts of face». Med. Times. 5: 287–290.
  6. Maes U (July 1937). «Infections of the Dangerous Areas of the Face». Annals of Surgery. 106 (1): 1–10. doi:10.1097/00000658-193707000-00002. PMC 1390530. PMID 17857007.
  7. Okamoto H, Ogata A, Kosugi M, Takashima H, Sakata S, Matsushima T (2012). «Cavernous sinus thrombophlebitis related to dental infection – two case reports». Neurologia Medico-Chirurgica. 52 (10): 757–760. doi:10.2176/nmc.52.757. PMID 23095272.
  8. Bhatia K, Jones NS (Sep 2002). «Septic cavernous sinus thrombosis secondary to sinusitis: are anticoagulants indicated? A review of the literature». The Journal of Laryngology & Otology. 116 (9): 667–676. doi:10.1258/002221502760237920. PMID 12437798.
  9. «ԳԼԽՈՒՂԵՂԻ ԵՐԱԿԱԾՈՑԵՐԸ».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]