Ֆուրունկուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Furoncle.jpg

Ֆուրունկուլ (լատ.՝ furunculus), չիբան, մազապարկի և շրջապատող շարակցական հյուսվածքի սուր թարախամեռուկային բորբոքում։

Հարուցիչները թարախածին բակտերիաներն են, հատկապես ոսկեգույն ստաֆիլակոկը։Առաջացմանը նպաստում են մաշկի անմաքրությունը, մանր վնասվածքները, գերքրտնա և ճարպարտադրությունը, նյութափոխանակության խանգարումները և այլն։ Ֆուրունկուլին բնորոշ է մաշկի վրա կարմիր ցավոտ հանգույցի առաջացումը, որի կենտրոնը խոցոտվում է և մեռուկանում։ Ֆուրունկուլն առավել հաճախ առաջանում է պարանոցի վրա, ծոծրակին, դեմքին, թիկունքին և այլն։ Դեմքի ֆուրունկուլ կարող է առաջացնել ծանր բարդություններ (թարախային մենինգիտ, արյան վարակում)։ Բազմաթիվ ֆուրունկուլների առաջացումը կոչվում է ֆուրունկուլոզ, իսկ մաշկի և մազապարկերն ու ճարպագեղձերը շրջապատող ենթամաշկային ճարպաբջջանքի թարախամեռուկային բորբոքումը՝ կարբունկուլ։

Բուժումը կատարվում է անտիբիոտիկներով մաշկի ախտահանմամբ, հիվանդությունը կանխարգելվում է անձնական հիգիենայի պահպանմամբ, մաշկի մանր վնասվածքների ժամանակին մշակումով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png