Գրիգոր քահանայի խաչքար (Արամուս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր քահանայի խաչքար
Գրիգոր քահանայի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրամուս[1]
Ներկա տեղադրությունՍուրբ Աստվածածին մատուռի հյուսիսային ճակատի դիմաց։
Ներկա վիճակՀյուսիսային հատվածը կոտրված է
Ժառանգության կարգավիճակպատմամշակութային հուշարձան
ՆվիրվածԽաչքարը նվիրված է Գրիգոր քահանային։
ԽաչագործՎարդ կազմող
ՊատվիրողԽաչքարի պատվիրատուն անհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ1205
Լայնությունվերևում՝ 88 սմ, ներքևում՝ 90 սմ
Բարձրություն180 սմ
Նյութկարմիր տուֆ
ԱրձանագրությունԽաչքարն ունի արձանագրություն
ՎայրԳերեզմանոց
Քարտեզ
Քարտեզ

Գրիգոր քահանայի խաչքար (նաև՝ Արամուսի խաչքար), միջնադարյան խաչքար և պատմամշակութային հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզի Արամուս գյուղում։ Հեղինակն է՝ խաչքարագործ Վարդ կազմողը։ Գտնվում է Արամուս գյուղի հարավ-արևելյան մասում, բարձունքի վրա գտնվող Սուրբ Աստվածածին մատուռի հյուսիսային ճակատի դիմաց[2]։ Հուշարձանը ներառված է Արամուսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[3]։

Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը գտնվում է Արամուս գյուղի հարավ-արևելյան մասում, բարձունքի վրա գտնվող Սուրբ Աստվածածին մատուռի (մենաստան) հյուսիսային պատի դիմաց։ Մատուռի շրջակայքը 13-20-րդ դարերով թվագրվող գերեզմանատուն է, որտեղ պահպանվել են միջնադարյան տապանաքարերի ու խաչքարերի մի մասը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարը կանգնեցված է ճարտարապետորեն ձևավորված պատվանդանի վրա, որի կողքին եղել է ևս մեկ խաչքար։ Մատուռի պատի մեջ, որպես երեսպատող քար, դրվել են երկրորդ քանդակազարդ խաչքարի բեկորները։ Կանգուն խաչքարը պատրաստվել է կարմիր տուֆից։ Բուն խաչքարի բարձրությունը 180 սմ է, լայնությունը վերևում՝ 88 սմ, իսկ ներքևում՝ 90 սմ։ Պատվանդանը քառաստիճան է։ Նրա երկարությունը 114 սմ է, արձանագիր աստիճանի բարձրությունը՝ 55 սմ։ Խաչքարի պատվանդանի առջև գտնվում է՝ 182 սմ երկարություն, 78 սմ բարձրություն ունեցող երկթեք գերեզմանաքարը, որը դրված է բարձիկի վրա։ Գերեզմանաքարի հարավային հատվածում փորագրված է երկտող տապանագիր

  1. ։ՈԾ։ (1201) ԹՎ ՓՈԽԵՑԱՒ ԳՐԻԳՈՐ ՔԱՀԱՆԱ ԿԵՆԱՑ ԱՍՏ Ի ԿԵԱ
  2. ՆՔՆ ՄԵՐ ՔՍ։

4 տարի անց, 1205 թվականին, Գրիգոր քահանայի հիշատակին կանգնեցվում է գեղաքանդակ խաչքար, որի հեղինակն է Վարդ կազմողը։ Խաչքարն աչքի է ընկնում բուսական և երկրաչափական պատկերների անթերի կատարումով, զարդաձևերի վարպետորեն համադրությամբ։ Քանդակազարդող վարպետը խնամքով մշակել է խաչքարի մակերեսը։ Մանրակրկտորեն են քանդակվել խաչքարի քիվը, եզրային ժապավեններն ու վահանը։ Խաչքարի քիվի մի մասը կոտրված է։ Պահպանված հատվածում վերարտադրված են ճարտարապետական զարդամոտիվներ՝ գոգավոր դրված կիսաշրջաններ, ստորին մասի գոգավորության կենտրոնում հենված են կամարների շարքերը։ Կառուցվածքային այս եղանակով առաջացել են նշաձև զարդապատկերներ, որոնք հաճախ են հանդիպում 5-6-րդ դարերի ճարտարապետական հուշարձանների վրա։ Պատկերազարդ խաչքարի կենտրոնում՝ խորանի տակ, խաչի ավանդական քանդակապատկերն է, որի ստորին թևից աղեղնաձև դեպի վեր են դարձրանում ժապավենաձև զարդապատկերներ։ Ավելի ներքև տեղադրված է մի հյուսվածք, որը թվում է թե վերևից ժապավենով կախված է։ Խաչքարի ստորին մասում քանդակված է ավանդական վահանը։ Երկու կողմերից խաչքարը երիզված է հյուսկեն զարդաքանդակի շարքով։ Քանդակի հյուսվածքը բաղկացած է ուղղահայաց իջնող օղերից, որոնք իրան են միացված հյուսկեն հանգույցներով։ Օղերի մեջ հյուսվում է շեղանկյունանիստ շղթայի շարքը, որը երկու կողմից շրջափակում է խաչքարի զարդարուն մակերեսը։ Խաչքանդակի վերին թևի երկու կողմերում խաղողազարդի ոճավորված պատկերներն են։ Կիսավահանի արտաքին կորագիծը կազված է եռաթել պարանահյուսի զարդապատկերից։ Կենտրոնական մասը կազմում է վարդյակի զարդաքանդակը[2]։

Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչքարի պատվանդանին գեղեցիկ տառերով փորագրված արձանագրությունն հաղորդում է 1205 թվականին Մարտիրոս, Սարգիս քահանաների, սրանց եղբայրներ՝ Հոնհաննեսի և Մխիթարի կողմից իրենց հոր՝ Գրիգոր քահանայի հիշատակին խաչքար կանգնեցնելու մասին իրադարձույունը։ Արձանագրությունն ավարտվում է օրհնանքի բանաձևով և խաչքարի կողքին վարպետի անվան հիշատակությամբ։ Արձանագրությունը պահպանվել է գրեթե անաղարտ․

  1. Ի ԹՎ :ՈԾԴ։ (1205) ԵՍ ՄԱՐՏԻՐՈՍ ԵՒ ՍԱՐԳԻՍ Ք[ԱՀ]
  2. ԱՆԱՅՔ ԵՒ ԵՂԲԱՐՔ ԻՄ ՅՈՎԱՆԷՍ ԵՒ ՄԽԻԹ
  3. ԱՐ ԿԱՆԳՆԵՑԱՔ ԶԽԱՉՍ Ի ԲԱՐԵԽԱՒՍՈՒԹԻ
  4. ՀԱԻՐ ՄԵՐՈ ԳՐԻԳՈՐՈ ՔԱՀԱՆԱԻ ՈՐ ԿԱՐԴԱՅ
  5. Ք ՅԻՇԵՍՋԻՔ Ի ՏՐ ԵՒ ԱԾ ՅԻՇՈՂԱՑԴ ՈՂՈՐ
  6. ՄԻ ԱՄԵՆ ՎԱՐԴ ԿԱԶՄՈՂ։

Քանդակազարդող վարպետի անվան հիշատակություն, արձանագրության վերջին՝ Վարդ կազմող տողը, զետեղված է խաչքարի հարավային կողին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Արամուսի խաչքարի քանդակագործը», Գրիգոր Կարախանյան
  3. «Հայաստանի կառավարության որոշում N 1793, 24 դեկտեմբերի 2003 թ․». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 26-ին.