Գրառաջք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրառաջք
Դրվագ (գրառաջք) Փիլիպպոս Աղբակեցու կոնդակներից[1]
Տեսակգրական ժանր
Ժանրպոեզիա և արձակ
Բնագիր լեզումիջին հայերեն

Գրառաջք, արձակ կամ չափածո փոքրածավալ (մի քանի տողից մինչև մի քանի էջ) ներբող, հանդիպում է միջնադարյան ձեռագրերում, հատկապես ժողովածուներում։ Ստեղծված են տվյալ գրության սկզբում դրվելու համար՝ հանդիսանալով ոչ ինքնուրույն, այլ տվյալ գրությունից կախյալ գրական ժանր։ Ըստ որոշ ուսումնասիրությունների գրառաջք գրվել է դեռևս 11-րդ դարից առաջ[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրառաջքները[Ն 1] դեռևս լայն քննության առարկա չեն դարձել։ Նրանց մասին կցկտուր նշումներ կան միայն ձեռագրացուցակների մեջ։ Օրինակ, Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերի երկհատոր ցուցակում «Նամականի» խորագրի տակ նշված են այն ձեռագրերի համարները, որոնց մեջ կան «գրառաջք նախերգանք, օրինակք նամակաց և գրութեանց»։ Այդ պատճառով է, որ հայոց լեզվի ու գրականագիտական բառարաններում բացակայում է գրառաջք բառը[4]։

Ըստ Աելիտա Դոլուխանյանի ուսումնասիրության, գրառաջքները երևան են եկել 13-րդ դարի ձեռագրերում[5][6]։

Հիմնվելով Ներսես Շնորհալու «Թուղթ ընդհանրականի», Գրիգոր Մագիստրոսի թղթերի ու նամակների՝ գրված 11-րդ դարում, «Գիրք թղթոց» ժողովածուի վրա՝ ենթադրվում է, որ այդպիսիք եղած լինեին նաև նախորդ դարերում[2][3]։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրառաջքները լինում են առանց հեղինակների, սակայն դրանք բոլորն էլ պատկանել են ճանաչված հեղինակների գրչի։ Որպես առաջին հեղինակ նշվում է 13-րդ դարի բանաստեղծ Հովհաննես Երզնկացին։ Գրառաջքային շարքերի հեղինակներից է նաև 16-րդ դարի բանաստեղծ Հակոբ Թոխաթցին։ Ուշագրավ է 18-րդ դարի գործիչ ու բանաստեղծ Պաղատասար Դպրի 1752 թվականին հրատարակված «Բարևագիրքը»։ Այստեղ նամակների ամբողջական ձևերն են՝ գրառաջքերով հանդերձ[7]։

Կիրառական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրառաջքները նամակների, թղթերի, կոնդակների, հրովարտակների նախաբան-սկսվածքներ են. քաղված են ոչ թե կոնկրետ ստեղծագերծություններից, այլ ստեղծված են նման գործերին նախորդելու համար։ Դրանք ուղղված են ստացողին և գրվում էր այնպես, որ նամակագիրն ինքն իրեն ավելի ցածր է դասում, իսկ հասցեատիրոջը գովերգում, օրհնում՝ ինչպես օրինակ, գրագրին ուղղված մի գրառաջքում է․

Եղբա՛յր աննազելի,
Աստուած թող տայ քեզ շատ բարի,
Շնորհք ի վերուստ տուեալ քեզի,
Աւրհնեալ տուօղն ամենայնի...
Աստուած զքեզ պահէ անսասան,
Ամէնն ի քէն յոյժ գոհ կու գան,
Եւս առաւել ես անարժան,
Մեղօք լցեալ եմ զանազան,
Զերդ նաւ ի ծովն ալէկոծման...:

- ՄՄ ձեռ. Հմր 8391, 84ա

Այսպիսով՝ գրառաջքը միայն տվյալ գրության մեջ է պահպանում իր անկախությունը, հետևաբար նաև «ժանրային անվանումը», ուստի պայմանականորեն այն ոչ ինքնուրույն-կախյալ ժանր է։

Որոշ ձեռագրերում գրառաջքները կոչվում են «օրինակք»,«ձևք», «գովասանութիւնք» կամ «նախերգանք»[8]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բովանդակային իմաստով գրառաջքը բազմաթիվ կիրառություններ է ունեցել։ Այն կարող էր հասցեագրված լինել տարբեր դիրք ու դեր ունեցող անձանց։ Կան գրառաջքներ, որտեղ դրվատում է հարսը.

Պարծանք ծնօղի և ծնունդի և ծովածին մարգարիտ. ոսկէհատ կերտուած՝ յեռեալ ընդ տպաղիոնի և ականց...

Գրառաջքներ են նախատեսվել նաև բնակավայրերի, քաղաքների համար։ Հետևյալ գրառաջքը ուղղված է «Պարոնի և հեծելաւորի»[9].

Արմատ կենաց զարմի յազատաց,
Գովէլ գմիր ի զաւրականաց,
Ահեղ յաղթող ի յամբարըշտաց,
Առիւծաձև ի պարըս բազմաց,
Հսկայաձև ի մէնամարտաց
Եւ անդրդուելի հաւատ գերազանց,
Ով որ լինի։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրառաջքները բաղկացած են հիմնականում հանգավոր քառատող տներից, ութ կամ իննը վանկանի տողերից։ Հանգը միապաղաղ է, ավարտվում է միևնույն ձայնավորով։ Գրառաջքի տարատեսակ դրսևորումներից մեկը «թղթառաջքն» է, որը դրվում է թղթից առաջ, ձուլվում է վերջինիս հետ։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրառաջքը բարդ բառ է՝ բաղկացած գիր (գրվածք, գրություն) և առաջ (առաջք) բառերից, ուր նկատի է առնված տվյալ թղթի, գրվածքի, գրության առաջի (սկզբի) հատուկ մասը՝ «առաջքը», «նախերգանքը»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դիւան հայոց պատմութեան ։ Գիրք Ժ ։ Մանր մատենագիրք ԺԵ-ԺԹ դար = Архив армянской истории». տպ. Ն. Աղանեանցի. 1912. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 21-ին.
  2. 2,0 2,1 Գրիգոր Մագիստրոսի թղթերը», Ալեքսանդրապոլ, 1910։
  3. 3,0 3,1 Ն. Շնորհալի, Թուղթ ընդհանրական, Էջմիածին, 1865
  4. Ցուցակ, ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», Ա, Երևան, 1965, էջ 1402, Բ, 1970, էջ 1195։
  5. «lraber.asj» (PDF).(չաշխատող հղում)
  6. Դոլուխանյան, Աելիտա (2012). Հայ միջնադարյան գրականության հիմնական ուղղություններն ու ժանրերը. Երևան: Զանգակ. ISBN 978-9939-68-042-2.
  7. «artsakhlib.am» (PDF).
  8. «matenadaran.am» (PDF).
  9. Ձեռագիր հ. 8030, թ. 424ա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]