Գոհարինյանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոհարինյանք, Սուրբ Գոհարինյան վկաներ (նահատակվել են 1156 թ. կամ 1155, ք. Սեբաստիա), 12-րդ դարի տոնելի վկաներ.

Չորս սեբաստացի եղբայրներ՝ Գոհարինոս (Գոհարմելիք), Ռատիկոս (Ռատիոս), Ծամիդոս (Ծամիդես) և Տուքիկոս (Տունկիոս)։ Որդիներն էին Դավիթ անունով սեբաստացի մի հայ իշխանավորի, որն իր ավագ որդու՝ Արեգի (Արևի) հետ իսլամ էր ընդունել՝ ընտանիքը փրկելու նպատակով, բայց հիշյալ չորս երիտասարդները, իսլամական բանակում ծառայելով հանդերձ, համարձակորեն վկայում էին իրենց քրիստոնեական հավատքը՝ հետևելով բարեպաշտ մոր վարքին։

Զինվորները չարախոսել են եղբայրների մասին, թե, լինելով իսլամադավան հոր զավակներ, գարշում են մուսուլմաններից և իբր ուրացել են իսլամն ու ընդունել քրիստոնեություն կրոնը։ Եղբայրները, հանուն հավատի, հրաժարվել են բանակից, բայց նրանց վերստին ամբաստանել են, ենթարկել բազմապիսի չարչարանքների՝ հավատուրացության մղելու նպատակով։ Երբ Գոհարինյան վկաները աներկյուղ վկայել են, որ հանուն Հիսուսի պատրաստ են մահվան, այնժամ գլխատման հրահանգ է տրվել, որը գործադրվել է, հավանորեն, 1156 թ.-ի հունվարի 28-ին (ըստ այլոց՝ 1136 թ.-ին և կամ 1155 թ.-ի հուլիսի 28-ին)։ Չորս մարտիրոսների մարմիններն ու կտրված գլուխները ամփոփվել են Մարդճակի գետեզրի Քառակուսի կոչված ճանապարհի մոտ։

Գոհարինոսի որդին՝ Թեոդորոսը, քահանայացել է։ Շուտով նրան էլ են ամբաստանել և դրդել հավատուրացության։ Մերժելով՝ Թեոդորոսը բանտարկվել է։ Ապարդյուն են անցել նաև նրան բռնությամբ մզկիթ մտցնելու բոլոր ջանքերը։ Թեոդորոսը մինչև մահ մնացել է անհողդողդ քրիստոնյա։ Նրան սպանել են՝ կտոր-կտոր անելով, հոր մահից 5 ամիս հետո։

Սուրբ Գոհարինյանց հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ եկեղեցին սուրբ Գոհարինյանց հիշատակը տոնում է Վերափոխման 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը՝ սուրբ Ստեփանոս Ուլնեցու հիշատակի հետ միասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: